ԱՆ մասնագետները խորհրդակցել են հյուրանոցների մենեջերների հետ՝ հնարավոր վարակները կանխելու համար
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և մեծաթիվ հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելուն վերաբերող հարցեր են քննարկվել այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ժամանակ։ ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկման ընթացքում մասնագետները նշել են, որ իրենք շարունակում են տեղերում ծանոթանալ բժշկական հաստատությունների պատրաստվածությանն` այդ օրերին բժշկական օգնությունը բարձր մակարդակով և արագ կազմակերպելու համար։ Ըստ աղբյուրի, կարևորվում են ազատ մահճակալների, անհրաժեշտ դեղերի և պարագաների պաշարների առկայությունը, նեղ մասնագետների հերթապահությունների ապահովումը։
«Նախարարին զեկուցվել է, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներկայացուցչի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում-քննարկումներ են ունեցել Երևանում գործող հյուրանոցային տնտեսությունների մենեջերների, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Տրվել է խորհրդատվություն առաձին վարակիչ հիվանդությունների ներբերումը կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ քննարկվել են հյուրանոցային տնտեսություններում սանիտարահակահամաճարակային կանոնների, սննդի հատվածում ռեժիմի ճիշտ պահպանման հարցերը։ Ներկայացվել է հյուրանոցներին կցված պոլիկլինիկաների ցանկը, ինչպես նաև նախարարությունում այդ օրերին գործող թեժ գծի հեռախոսահամարները` անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և հյուրերի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով»,-նշված է տարածված հայտարարության մեջ։
Տեղեկացնում են նաև, որ նախարարի հրամանով ապրիլի 23-ին և 24-ին առողջապահության նախարարությունում հերթապահություններ կսահմանվեն։ Իսկ նախատեսվող բազմամարդ բոլոր միջոցառումներին ներկա կգտնվեն նախարարի տեղակալները` անհրաժեշտության դեպքում բուժօգնությունն արագ և համակարգված կազմակերպելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա