Իրանի ՊՆ-ն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է, որ Կասպից ծովը պետք է զերծ մնա սպառազինությունների մրցավազքից
«Կասպից ծովի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդրիներին առնչվող հարցեր:
Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցում Իրանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնություններին, մասնավորապես նշել է. «Կասպից ծովը պետք է զերծ մնա սպառազինությունների մրցավազքից: Ծովի հետ կապված բոլոր խնդիրները պետք է բացառապես քննարկվեն մերձկասպյան երկրների կողմից և առկա խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»:
Նշենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մերձկասպյան երկրների միջև ծովի իրավական կարգավիճակի հարցում տարաձայնություններ առաջացան: Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի, և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:
Բացի իրավական հարցից, Իրանն ու Ադրբեջանը Կասպից ծովում գտնվող նավթահանքերի պատկանելիության և էկոլոգիական խնդիրների շուրջ ունեն լուրջ տարաձայնություններ: Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, թե Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ այն գտնվում է Ադրբեջանին և Թուրքմենստանին հարող ընդհանուր ջրերի տիրույթում:
Թեմայի առնչությամբ հրապարակում՝
Կասպից ծովում խաղաղություն հաստատելու Իրանի նախագահի տեսլականը
Իրանը Ադրբեջանի հետ ունեցած տարաձայնության պատճառով չի կարողանում շահագործել Կասպից ծովում առկա նավթահանքերը
Իրանական ԶԼՄ-ները ահազանգում են. Ադրբեջանն ամենաշատն է աղտոտում Կասպից ծովը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում