Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կանցկացվի ապրիլի 20-ից 24-ը Ստրասբուրգում։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի քննարկման առանցքում կլինեն զանգվածային գաղտնալսումը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կապված անօդաչու սարքերի օգտագործման և թիրախային սպանությունների հետ։
ԵԽԽՎ նստաշրջանում ապրիլի 21-ին ելույթով հանդես կգա Բելգիայի Ֆիլիպ թագավորը։ Տեղի կունենա քննարկում «Քաղաքական և անվտանգության իրավիճակը Ուկրաինայում և դրա հետևանքները» թեմայով։
Վեհաժողովը կքննարկի նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության նկատմամբ սանկցիաների վերանայումը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների մարդասիրական հետևանքները և Եվրոպայում տրանսգենդերների նկատմամբ խտրականությունը։
ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում կլինի նաև ԵԽ անդամ երկրներում երեխաներին ընտանիքներից վերցնելու օրենսդրությունն ու պրակտիկան։
ԵԽԽՎ-ում հանդես կգա Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիեր Ռեյնդերսը և կներկայացնի ԵԽ Նախարարների կոմիտեի աշխատանքը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը կներկայացնի 2014թ-ի գործունեության տարեկան զեկույցը։