Ադրբեջանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ցանկանում երևալ. Սամվել Մարտիրոսյան
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կայքերի վրա հարձակումների պետք է սպասել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ապրիլի 24-ը ոչ սովորական օր է, և ամեն տարի այդ օրերին հաքերային հարձակումներ լինում են: Հիմնականում հարձակումներ լինում են այն տարիներին, երբ միջազգային ասպարեզում այդ հարցը սրվում է: Ուստի` հաշվի առնելով այն, որ այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, շատ քիչ է հավանականությունը, որ հայկական կայքերի վրա լուրջ հարձակում չի լինի»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Ըստ ՏՏ փորձագետի` հաքերային հարձակումները կլինեն հատկապես ապրիլի 23-24-ն ընկած ժամանակահատվածում:
«Ապրիլի 23-ին Էջմիածնում կկատարվի Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ և ամբողջ աշխարհը հետևելու է այդ արարողությունը: Բայց իհարկե ավելի մեծ ուշադրությունը կլինի ապրիլի 24-ին, երբ բարձրաստիճան հյուրերը, այդ թվում` Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները կայցելեն Հայաստան` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուստի այս Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներն ամեն քայլի գնալու են, որպեսզի Հայաստանից դուրս եկող տեղեկատվությունը հասանելի չլինի միջազգային հասարակությանը»,- նշեց փորձագետը:
Ս.Մարտիրոսյանը նշեց նաև, որ ադրբեջանցի հաքերներն ավելի ակտիվ են և Ադրբեջանը, չգիտես` ինչու, որոշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման գործում ինքն ավելի մեծ դեր ունի, քան Թուրքիան. «Ադրբեջանը, կարծես, Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ցանկանում երևալ»: