Ինչու էին խորհրդային իշխանությունները վախենում Հովհաննես Շիրազից...
Խորհրդային միության տարիներին 1965 թվականից սկսած բոլոր ապրիլի 24-երին էլ այդպես է եղել, ինչպես 1965-ին, 1966-ին՝ փորձել են ճնշել մարդկանց, որպեսզի երթեր չկազմակերպեն: Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Տիգրան Պետրոսյանցը:
«Հովհաննես Շիրազին տնային կալանք էին ձևակերպում ապրիլի 24-ից դեռ մեկ շաբաթ առաջ: Նա այն մտավորականներից էր, որ երբ դուրս էր գալիս փողոց, փողոցում գտնվող բոլոր մարդիկ նրա կողքն էին հավաքվում: Շիրազն այդպիսին էր տարվա բոլոր օրերին: Հենց դրանից էին վախենում խորհրդային իշխանությունները, որ կարող էր այնպիսի իրավիճակ ստեղծել, որն անկանխատեսելի լիներ»,- ասաց պատմաբանը:
Իսկ թե ինչպե՞ս էր այդ երևույթին վերաբերում հենց Շիրազը, ինչպե՞ս էր իր զայրույթն արտահայտում, Տ. Պետրոսյանցը ժպտալով ասաց. «Ոչինչ չէր ասում: Կարող էր հետո փողոցում հանդիպեր Կենտկոմի որևէ աշխատողի ու ասեր՝ ո՞նց ես աղվես: Նա այդ ժամանակ արդեն հանճար էր, հասել էր աստղերի: Նա մի ամբողջ ազգ է դաստիարակել: Մի ամբողջ ազգ նրանով հայրենասիրություն է սովորել»:
Տ. Պետրոսյանցը հիշեց, որ 13 տարեկանում իրեն ծանոթացրել են Հովհաննես Շիրազի, 14-ում՝ Պարույր Սևակի, Վազգեն Վեհափառի հետ. «Այդ երեք մարդիկ են իմ ուսուցիչները, որոնց հետ ընկերություն եմ արել մինչև յուրաքանչյուրի մահը: Լինելով այդ մարդկանց կողքին, վաստակել եմ այն ճակատագիրը, որը հետո ապրել եմ: 1967 թվականին ստեղծել եմ Հայաստանում մեծագույն ընդհատակյա կազմակերպություններից մեկը, որի համար ՊԱԿ-ի նկուղներում եմ եղել 9-րդ դասարանի աշակերտ լինելով: Անցել եմ այդ ժամանակի միջով, շնորհակալ եմ ժամանակին, որ ապրել եմ առ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»:
Պատմաբանը ցավում է, որ այսօր չկա այնպիսի մտավորական, որ երբ դուրս գա փողոց, երեք մարդ նրան ճանաչի ու մոտենա. «Մենք այսօր հայրենասիրություն չունենք, կերպար չունենք, դաստիարակվելու հերոս չունենք»:
Ի՞նչն է պատճառը. «Չէի ասի, որ սոցիալական պայմանները բերեցին այս վիճակի: Այն ժամանակ այնպիսի մեխանիզմ էր աշխատում, որ յուրաքանչյուրին ճնշում էին, բայց յուրաքանչյուրը լուծում էր հարցերը՝ յուրովի: Դաժան ու ծանր պայմաններում ապրեցին մարդիկ, բայց ստեղծեցին մշակույթ, իմ սերունդի մարդկանց տվեցին շատ բան, մեզ թողեցին շատ բան: Մենք նրանցով դաստիարակվեցինք: Կրկնում եմ՝ ափսոսում եմ, որ այսօր չեմ տեսնում ակադեմիկոսի, բանաստեղծի, դերասանի, բացի կարգին տղերքից, որ փողոց դուրս գան ու մարդիկ ճանաչելով՝ մոտենան նրանց: Ոչ թե ստորագրություն վերցնելու համար, դրսից եկած երևույթ է, այն ժամանակ չկար նման բան, այլ գան շրջապատեն մարդուն: Մենք չունենք դա՝ ամենակարևորը»:
Այս շարքից՝
1966 թվական. «… իմ երկրորդ հայրը՝ Հովհաննես Շիրազ»
«Ապրիլի 24-ին հայրիկը առանձնանում էր սենյակում ու բղավում էր՝ մենակ եմ, մենակ եմ». Հիշում է Շիրազի որդին (տեսանյութ)
1966 թվական. «...ո՞վ է Դանիել Վարուժանը, որտե՞ղ է, հլը դրան բերեք այստեղ»
Ինչպես և ինչ պայմաններում է կառուցվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը (տեսանյութ, լուսանկարներ)
1966 թվական. «Միլիցիոներները նրան բռնեցին, որովհետև կանգնել էր Կոմիտասի շիրիմի մոտ ու լուռ լացում էր»
Ինչպես նախապատրաստվեց ու անցկացվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ներկայացնում է վավերագիրը (լուսանկարներ)
1965 թվական. «Եթե սահմաններից դուրս գաք, զորքը կմտնի, կկոտորի, բանտերը կգցի...»
1965 թվական. Պարույր Սևակին իջեցրին ամբիոնից, Հովհաննես Շիրազն էլ փակվել էր տանը
«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան