Ծիծեռնակաբերդում «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը կանցկացվի ապրիլի 27-28-ին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍի-ը ապրիլի 27-ին և 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախաձեռնում են «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը: Այս մասին տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:
Ապրիլի 24-ից օրեր անց, հուշահամալիրում դրված հարյուր հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում ու տեղափոխվում էին աղբատեղի և այրվում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս:
Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, կամավորներ, դպրոցականներ և ուսանողներ:
Հաշվի առնելով ակնկալվող այցելությունների և անմար կրակի մոտ բերվելիք ծաղիկների ծավալը, այս տարի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառումը կանցկացվի երկու օր՝ ապրիլի 27-ին և 28-ին:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 010 555 209 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը