«Ցուցադրությունը դիտելուց հետո էլ Հայոց ցեղասպանության փաստը հերքողները կհայտնվեն ծիծաղելի վիճակում» (տեսանյութ, լուսանկարներ)
«Եթե որևէ մեկը ծանոթանա այս ցուցադրությանը, ներկայացված ողջ նյութին ու կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության ծրագրված ու նպատակաուղղված բնույթը, կհայտնվի ծիծաղելի վիճակում: Մենք որևէ բաց տեղ չենք թողել, որ ներկայացված իրեղեն ապացույցներին, պատմություններին ծանոթանալուց հետո փորձեն հերքել Հայոց ցեղասպանությունը»,- Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա ներկայացմամբ, լրջագույն փաստարկներից մեկն է. «1911թվականին Թալեաթը հարցազրույց է տվել դանիացի մի լրագրողի: Այդ ժամանակ Երիտթուրքերն ընդդիմություն էին: Նա ասում է՝ երբ գանք իշխանության, հայերի հարցերը լուծելու ենք բնաջնջելու միջոցով: Այսինքն, 1911 թվականին իրենց նպատակադրության մասին նա հայտնում է, որը և իրագործեցին»:
Հ. Դեմոյանի խոսքով, հիմնականում շեշտադրումն ուղղված է օտար լսարանին՝ հնարավորություն տալով այս ցուցասրահներով անցնելով ամբողջությամբ առնչվել թեմային:
«Թանգարանն իր այս ցուցադրությամբ, գերհագեցած տեքստային նյութերով ներկայացնում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլ նաև հավասարապես թուրք ժողովրդի: Թանգարանը հարթակ է, որպեսզի թուրք երիտասարդությունն առերեսվի իր սեփական պատմության այն դրվագների հետ, որոնք մերժում, արգելում են այն նույն իշխանությունները, որոնք թույլ չեն տալիս թուրք երիտասարդներին օգտվել Թվիթերից, Յութուբից: Այս պատմությունները ներկայացնում ենք ոչ թե ատելություն սերմանելու համար, այլ տեղեկատվությունն ամբողջական դարձնելու համար նաև հենց թուրք երիտասարդների համար»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Նա հայտնեց, որ ապրիլի 23-ին թուրքական 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ են այցելելու թանգարան, որը շատ կարևոր է:
2011 թվականին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները: Թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր: Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածքում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք երեք լեզուներով են՝ հայերեն, անգելերն, ռուսերեն:
Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ: Թանգարանի սրահների ներքի ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել և իրականացրել են Լուսինե Մաթևոսյանն ու Քրիստինե Աբրահամյանը: Թանգարանի դիզայներական հայեցակարգը նախագծվել և իրագործվել է առաց լրացուցիչ վճարի:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութեր: Դրանց մի մասը ներկայացված են տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի տեսքով: Ներկայացված են բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային նոր ցուցադրության տարածքն ունի 12 սրահ՝ նախկին երեք սրահի փոխարեն: Ցուցադրությունը բաղկացած է 52 հիմնական խորագրից: Թանգարանի ցուցադրությունը կունենա նաև աուդիոգիդեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն լեզուներով:
Հայկ Դեմոյանն ասաց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում հնարավոր է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով, դրանք հատել են 90 հազարի սահմանը. «Մեր թանգարանի հավաքածուն Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող նյութերի ամենամեծ հավաքածուն է աշխարհում»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությանը հանրության համար բաց կլինի ապրիլի 25-ից:
Լուսանկարներն՝ այստեղ: