Վերլուծություն Ermenihaber-ում. «Իսկ ի՞նչ էր ասում Դավութօղլուն իր ուղերձում»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` նախօրեի հայտարարությունը դարձավ քննարկումների հերթական առարկան:
«Թուրքական կողմը փորձում է ներկայացնել իբրև օսմանցի հայերի զավակներին ու թոռներին հղված ցավակցական ուղերձ: Մինչդեռ, դատելով Դավութօղլուի հայտարարության տեքստից, կարելի է կարծել, որ ավելի շատ գործ ունենք ոչ այնքան ցավակցական ուղերձի, որքան մեղադրական եզրակացության հետ»,- վերլուծում է Մխիթար Նազարյանը Ermenihaber.am կայքում:
«Իսկ ի՞նչ էր ասում Դավութօղլուն իր ուղերձում: Ասում էր բաներ, որոնք կյանք ունեն միայն թղթի վրա, իսկ Թուրքիայի իրականության մեջ` բոլորովին: Փորձենք համոզվել դետալային քննարկմամբ.
Դավութօղլուն ասում է. «Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է»:
Բայց նույն այդ Թուրքիայում օսմանցի հայերի գերեզմանները պղծվում են, եկեղեցիները վերածվում ախոռի: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող նախկին հայաբնակ Սթանոզ գյուղի հայկական գերեզմանատունը հենց հիմա պղծվում է և թալանվում:
Գողացված են շիրմաքարերը, իսկ շրջակայքում ցաքուցրիվ են եղել մարդոսկրի կտորտանքներ: Եվ սա միակ գերեզմանատունը չէ` արժանացած նման ճակատագրի: Հայկական նյութական մշակութային ժառանգությունը Թուրքիայում շատ հաճախ օգտագործվում է նույնիսկ որպես շինանյութի աղբյուր. 1950-ականներին կառուցված Մուշ քաղաքի արդարադատության շենքը կառուցվել է Սուլուջա գյուղի հայկական Սբ. Մարիամ վանքի քարերով:
Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի, Չանաքքալեի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես համալսարանի մասնաշենք, Դիարբեքիրի նահանգի Սուր բնակավայրի 142-ամյա հայկական բողոքական եկեղեցին վերածվել է թուրք կանանց համար կրթական կենտրոնի: Ահա այսպես է Թուրքիան կատարում Դավութօղլուի ձևակերպած «պատմական և հումանիտար պարտքը»...»:
Վերլուծությունն ամբողջությամբ` «Թուրքիայի վարչապետը պաշտոնապես ստում է, չի ցավակցում» վերտառությամբ նյութում: