Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ և կորուստներ կրել. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:
«Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի (“Վինտարեզի”) 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը: Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ», -նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել: Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը