Վարդան Պետրոսյանի գործով դատախազն առաջարկում է սահմանել խիստ պատիժ
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ընթերցելուց հետո վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազ Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ պատժաչափի մասով առաջին ատյանի դատարանը վճիռը շատ մեղմ է:
«4-6 տարին մեղմ պատիժ է, 6-8 տարին` միջին, 8-10 տարին՝ խիստ: Նշանակված 5 տարին շատ մեղմ է, և առաջարկում եմ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և սահմանել խիստ պատիժ»,- իր խոսքում հայտարարեց մեղադրող դատախազը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ, ով նույնպես վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ասաց, որ դատավճիռ կայացնելիս դատարանը պարտավոր էր պատասխանել հարցին, թե քաղաքացիական հայցն ինչու քննության չառնվեց. «Դատարանն ինքն իրեն հակասում է. կամ պետք է քաղաքացիական հայցադիմումը վարույթ չընդուներ, կամ էլ քննության առներ: Փաստացի, այսօր տուժող Տաթևիկ Հակոբյանն ունի մեկուկես տարվա ինտենսիվ բուժման անհրաժեշտություն, այնինչ ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում բուժման ծախսերը, առաջին ատյանի դատարանն էլ քննության չառավ քաղհայցը, որով դատարանը Վարդան Պետրոսյանին կպարտավորեցներ վճարել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը: Խնդրում ենք, որ դատարանը այս հարցին լուծում տա»:
Նա նույնպես պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ 6 տարի ժամկետով, տրանսպորտային միջոցներր վարելու իրավունքից զրկել 3 տարի և ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի նպատակով ներկայացրած քաղհայցը:
Ռ. Բալոյանի խոսքով, տուժողների համար անընդունելի է, որ դատարանը վճիռը կայացնելիս նշել է, թե հաշվի է առնվում հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանը ձեռք է մեկնել տուժող կողմին:
«Տարել, երկու երեխեքի գլուխը կերել եք, հիմա էլ եկել օգնությունից եք խոսում: Թող ձեր երեխեքը մեռնեն, ես 50 000 կտամ»,- տեղից բղավեց տուժող կողմի իրավահաձորդ Արթուր Հակոբյանը:
Հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Բացի այս, դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործի քննությունը հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի վճռաբեկության կարգով