Խստագույնս բացառվելու է բացօթյա առևտուրը Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղում և մուտքի մոտ
Ապրիլի 23-ի ու 24-ի բոլոր գլխավոր միջոցառումները ուղիղ հեռարձակվելու են ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև Հանրապետության հրապարակում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված տեսաէկրաններին։ Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի հասարակայանությայն հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին սկսվող System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի համերգից առաջ Հանրապետության հրապարակում տեղադրված էկրաններին Էջմիածնի Մայր տաճարից ուղիղ հեռարձակվելու է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի սրբադասման արարողությունը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչող երաժշտությունը կլինի կենդանի կատարմամբ և կհեռարձակվի ճեմուղու ողջ երկայնքով։
«Ապրիլի 24-ին առավոտյան մեկնարկող արարողակարգային միջոցառումից հետո՝ ժամը 13։00-ից Կիևյան փողոցի կողմից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին բաց կլինի բոլոր քաղաքացիների համար։ Երթին զուգահեռ տեղի կունենան օրվա խորհրդով մշակութային միջոցառումներ. 4 հարթակներում կենդանի կատարումնեով մեր երկրի լավագույն մենակատարները, խմբերն ու համույթները հանդես կգան թեմատիկ ինչպես դասական, այնպես էլ նոր ստեղծագործություններով։ Այս կատարումները նույնպես ուղիղ կհեռարձակվեն ամբողջ ճեմուղով»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։
Խստագույնս բացառվելու է բացօթյա առևտուրը Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղում և մուտքի մոտ։
«Բացօթյա առևտուրը օրենքով արգելված է և այս առումով կանոնակարգված կլինի. միայն ծաղկավաճառներին է վաճառքի թույլատվություն տրված Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկի հատվածում, ստորգետնյա անցումում, ինչպես նաև Բարեկամություն հրապարակից մինչև Օրբելի փողոցի խաչմերուկ։ Կան կազմակերպություններ, որոնք նախաձեռնել են ծաղիկներն անվճար բաժանել. նրանք ևս թույլտվություն ունեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած քաղաքացիներին դպրոցականները նվիրելու են Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների պատրաստած Անմոռուկները:
Ապրիլի 24-ին՝ ժամը 20։15-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկելու է «Վերածնունդ» խորագրով մշակութային միջոցառումը, որը բաղկացած է 4 ենթախորագրերից՝ «Երախտագիտություն», «Հիշողություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ»: «Հիշողություն» հատվածում վավերագրական բացառիկ կադրեր են ցուցադրվելու։
«Տեսաշարերով կցուցադրվեն բացառիկ տեսանյութեր, որոնք տարբեր երկրներից նոր են բերվել Հայաստան։ Նույնիսկ մտածում էինք՝ արժե՞ այդ դաժան տեսարանները ներկայացնել։ Այնուամենայնիվ կարևորում ենք դրանց ցուցադրումը»,- նշել է քաղաքապետի տեղակալ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ռեժիսոր Արամ Սուքիասյանը։
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01։00-ն՝ այդ երկու օրերին բազմահազարանոց համերգների, ինչպես նաև ապրիլի 24-ին Ջահերով երթի մասնակից քաղաքացիների տեղաշարժը ապահովելու նպատակով։ Բացի այդ, ապրիլի 24-ին՝ ժամը 13։00-ից Բրազիլիայի հրապարակից ավտոբուսների երթուղիներ կգործեն դեպի Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ և Բարեկամություն կայարաններ։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ այս օրերին, բացի պետական մեծաթիվ պատվիրակություններից, Երևան են ժամանելու նաև Երևանի գործընկեր քաղաքների, մասնավորապես Ամանի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները՝ բավական մեծ կազմով։