Հայ դատը «խայտառակություն» է որակում Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Օբամայի որոշումը
«Նախագահ Օբամայի Թուրքիային տեղիք տալը ազգային խայտառակություն է», - նման հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ամփոփելով Սպիտակ տանը նախօրեին հայկական կազմակերպությունների և վարչակազմի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման արդյունքները։
Հայտարարության համաձայն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մըքդոնոուն և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հաստատել են հայ համայնքի ներկայացուցիչներին, որ նախագահ Օբաման որոշել է չճանաչել Հայոց Ցեղասպանությունը Հարյուրամյակի տարելիցի կապակցությամբ ապրիլքսանչորսյան իր ուղերձում, ինչը, հայ համայնքի գնահատմամբ, «ոչ այլ ինչ է, քան դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը»։
«Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հարյուրամյա հիշատակի միջոցառումներին, նախագահ Օբաման, դժբախտաբար, մեր ազգի բարոյական հեղինակությունը կօգտագործի ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ օտար պետության ժխտողականությունն առաջ տանելու նպատակով։ Նա Հայոց Ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշումը արդյունավետ կերպով հանձնել է Ռեջեփ Էրդողանին», - ասված է հանձնախմբի գործադիր տնօրեն Քեն Խաչիկյանի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում նշվել էր, թե վարչակազմը մտադիր է օգտագործել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների հարյուրամյա տարելիցը «փաստերի ամբողջական, ազնիվ և արդար ճանաչման» համար։
Նախորդող հրապարակում`
Սպիտակ Տունը «հայերի կոտորածների փաստերի» ամբողջական և արդար ճանաչման կոչ է անում