Եմենյան հիմնախնդրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը`ըստ փորձագետի
Ապրիլի 21-ի երեկոյան Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն ՝ Եմենում գործող վարչակարգի դեմ հանդես եկող շիայադավան հութիներին օդային հարվածներ հասցնող Էր-Ռիադի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան դադարեցրել է «Վճռականության փոթորիկ» կոդային անվանումը ստացած ռազմական գործողությունը. այն մեկնարկել էր մարտի 21-ին:
Ըստ հայտարարության՝ կոալիցիայի նախաձեռնած ռազմագործողությունը հասել է իր նպատակին՝ էական կորուստներ հասցնելով հութիների ռազմական ներուժին, կործանելով ծանր զենքի և բալիստիկ հրթիռների պահեստները և դրանով իսկ չեզոքացնելով Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքները: Միևնույն ժամանակ նշվում է, որ կոալիցիոն գործողություններն ամբողջովին չեն դադարեցվում, դեռևս շարունակվում է Եմենի ծովային շրջափակումը, ցամաքային սահմանում հայտարարված արտակարգ իրավիճակը, նաև փոխվում է մարտավարության բնույթը՝ որպես առաջնախնդիր հռչակելով տարածաշրջանային անվտանգության պահպանության այլ ասպեկտները:
Ռազմագործողությունների մարտավարությանը փոխարինելու է գալիս խնդրի կարգավորման նոր կոնցեպտուալ մոտեցում՝ «Հույսի վերականգնում» կոդային անվանման ներքո, որի նպատակը եմենյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումն է և «ահաբեկչության դեմ պայքարը երկրի ներսում»:
Եմենյան հիմնախնդրի շրջանակներում տեղի ունեցող վերոնշյալ գործընթացները և Սաուդյան իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը կարելի է բացատրել մի քանի տեսանկյունից: Նախ պետք է նշել, որ շուրջ 25 օր տևած ռազմական գործողությունները, որոնց ընթացքում եմենյան հակակառավարական ուժերին հասցվել է ավելի քան 2000 օդային հարված, որքան էլ իրականում վնասեցին նրանց ներուժին, այնուամենայնիվ չհանգեցրին, անգամ բավականաչափ հեռու են Եմենում ուժային իրավիճակի վրա առարկայական ազդեցություն ունենալուց: Ասել է թե՝ այս հարցում հստակ պահանջվում են կոալիցիոն ուժերի՝ հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից ցամաքային ներխուժում, ինչին սաուդցինենրն, այնուամենայնիվ, պատրաստ չեն, իսկ օդային հարվածների պարագայում աստիճանաբար դժգոհություն էր առաջանում ռազմական կոալիցիայի գործողություններից, քանի որ էական վնաս էր հասցվում նաև երկրի ենթակառուցվածքներին և քաղաքացիական բնակչությանը:
Ներեմենյան գործընթացների հաջորդ կարևոր սպառնալիքը երկրում ընթացող ներքին զինված հակամարտությունից իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դերակատարության ակտիվացումն է՝ հանձին Եմենում ազդեցիկ դերակատարություն ունեցող «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության, որը հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը հատկապես երկրի արևելքում և հարավ-արևելքում: Ասել է թե՝ Սաուդյան Արաբիան, կարծես, փորձում է խուսափել այն իրավիճակից, որն այսօր սպառնում է, ասենք, Թուրքիային՝ սիրիական և իրաքյան ճգնաժամերի հետ կապված:
Մյուս կողմից, անշուշտ, եմենյան հիմնախնդրի վրա կարևոր ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանային գործընթացները՝ մասնավորապես՝ Լոզանյան հանդիպումից հետո գրանցված Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համատեքստում գրանցված տեսանելի առաջընթացի պայմաններում՝ հատկապես հաշվի առնելով Իրանի ազդեցությունը Եմենում և պաշտոնական Թեհրանից հնչող հայտարարությունները՝ խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության հարցում:
Այս պարագայում, նաև հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի զգալի ազդեցությունը համաշխարհային տնտեսական գործընթացների և հատկապես նավթի համաշխարհային գների գոյացման գործում, բավականաչափ օրակարգային են դարձնում եմենյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական ուղու առաջնահերթությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային դերակատարների համար:
Հեղինակ՝ արաբագետ Արմեն Պետրոսյան