Թուրք պրոֆեսոր. Անտեղի է համեմատել հայ և թուրք ժողովուրդների ցավը
Հայերը հանկարծ անհետացան 1915-16 թվականներին, մի քանի ամսվա ընթացքում, մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացվեց։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագիտության թուրք պրոֆեսոր Չինգիզ Աքթարը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում։
Թուրքիայում, նրա խոսքով, ավելի շատ մարդիկ են խոսում Հայոց ցեղասպանության մասին։ «Բայց մարդիկ, այլ ոչ պետությունը։ Մեծ տարբերություն կա պետության դիրքորոշման և նրա մեջ, թե ինչ են մտածում և ուսումնասիրում Ցեղասպանության մասին շարքային թուրքերը կամ քրդերը։ Դանոր գործընթաց է որը սկսվել է 15-20 տարի առաջ։ Դա շարունակվելու է, ուստի մարդիկ այժմ չեն ընդունում պաշտոնական թեզը՝ իբր ոչինչ էլ չի եղել»,- նկատել է Աքթարը՝ հավելելով, որ իրենք ավելի շատ են ուսումնասիրում տեղի ունեցածը հայ հարևանների, գործընկերների հետ։ «Հիշողությունը վերադառնում, հայերի մասին հիշողությունը վերադառնոմ է Անատոլիա»,- ասել է թուրք պրոֆեսորը։
Հարցին՝ վերջո կճանաչի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը, նա պատասխանել է, թե դա բարդ է ասել։ «Դա տևական ժամանակ կխլի։ Դա հեշտ չէ։ Վերջերս հարցում էր անցկացվել, թուրքական հասարակության միայն 9 տոկոսն էր պատրաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Չինգիզ Աքթարը։
Խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին ուղերձի մասին՝ նա նկատել է, թե ավելի լավ է դա, քան ոչինչ։ «Նախկինում այդ մասին ոչ ոք չէր խոսում։ Նրանք խոսում են ընդհանուր ցավի մասին, բայց չի կարելի համեմատել անհետացած ազգի ցավը, և մեկ այլ ազգի, որը ևս տառապել է, բայց դեռ շարունակում է ապրել այնտեղ։ Ինչպե՞ս կարելի է համեմատել։ Դա անտեղի է»,- ամփոփել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը