Forum 18. Ադրբեջանի իշխանությունները հարկադրում են սուննիադավաններին սափրել մորուսները
Ադրբեջանի` կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտի նախագահ Մուբարիզ Գուրբանլըն պնդում է, որպեսզի «Լեզգիական» հին սուննիական մզկիթի շենքը Եվրոպական խաղերի նախաշեմին ազատվի: Նա մզկիթի համայնքի անդամներին հայտնել է իշխանությունների դժգոհության մասին հավատացյալների` այնտեղ աղոթելու գնալու առնչությամբ:
Վերջինս նաև հավելել է, որ մորուսով տղամարդկանց առկայությունը Բաքվի կենտրոնում ցանկալի չէ, քանի որ դա կարող է ահաբեկել եվրոպացիներին: Այս մասին, ինչպես փոխանցում է Forum 18-ի տեղեկատվական ծառայությունը, հաղորդել են վերոհիշյալ մզկիթի հավատացյալները:
Ինչպես ասվում է «Նախաօլիմպիական «կրոնական զտումներ» Բաքվում» վերնագրով հոդվածում, Գուրբանլին սկզբում եկել է մզկիթ ու պահանջել, որպեսզի կառույցն ազատվի 3 օրվա ընթացքում, քանի որ, ըստ իրեն, այնտեղ պետք է վերանորոգում անեն:
Նա սպառնացել է` եթե հավատացյալները չգնան, նրանց կհարկադրեն: Մզկիթի անդամները փոխզիջում են առաջարկել. Եվրոպական խաղերին առաջին աղոթքներն առավոտյան մոտ ժամը 5-ին սկսել, իսկ վերջինները` երեկոյան 11-ից հետո: Դրան ի պատասխան` պաշտոնյաներն ասել են, թե իրենք կարող են ինքնուրույն որոշում ընդունել, և դա պետք է այլ վայրում քննարկվի:
Ըստ հոդվածի` հանդիպման ընթացքում Գուրբանլին պահանջել է, որպեսզի մզկիթում 50 հավատացյալից ավել չլինի: Ի պատասխան արձագանքին, թե անհնար է մարդկանց ստիպել մզկիթ չայցելել, Գուրբանլին ասել է, որ անհրաժեշտ է վերահսկել իրավիճակը` շեշտելով, թե մինչև 60 տարեկան տղամարդիկ չպետք է մորուս պահեն:
Forum 18-ը հիշեցնում է, որ «Լեզգիական մզկիթը» նաև հայտնի է Աշուրի մզկիթ անունով, այն մզկիթներից է, որոնց կառավարությունը փորձում է փակել: 2014-ին որոշ ժամանակ մզկիթը եղել է ոստիկանական շրջափակման մեջ, որոնք սահմանափակել են այցելուների թիվը: 2015-ի փետրվարին մզկիթի իմամ Մուբարիզ Գարաևը ձերբակալվել է` դառնալով «խղճի բանտարկյալ» 5 սուննի մուսուլմաններից մեկը, որոնք նախադատական ազատազրկման մեջ են Ազգային անվտանգության նախարարությունում և մեղադրվում են արգելված գրականության վաճառքի համար: Բացի այդ, 2015-ին մզկիթի համայնքի անդամների մի մասը հեռացվել է աշխատանքից:
Նաև նշվում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության գաղտնի ոստիկանության մեկուսարաններում պահվում են 8 «խղճի բանտարկյալ» կրոնավորներ: Նրանցից 2-ը սուննիներ են, մյուս 2-ը` «Եհովայի վկաներ», 1-ը` շիադավան աստվածաբան, թարգմանիչ Ջեյհուն Ջաֆարովը:
Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է նյութում, Բաքվի վճռաբեկ դատարանը անորոշ ժամկետով հետաձգել է շիադավան մեկ այլ քարոզիչ Թալեհ Բագիրովի բողոքի դիտարկումը: 2014-ի դեկտեմբերի որոշմամբ նրան առավել խստացված ռեժիմով կալանավայր պետք է տեղափոխեն: 30-ամյա Բագիրովը ձերբակալվել է 2013-ին ու դատապարտվել 2 տարի ազատազրկման կեղծ մեղադրանքներով: 2014-ին նրան դատապարտել են հավելյալ 4 ամիս ազատազրկման` բանտախցում բջջային հեռախոսի առկայության պատճառով: Եվ ահա 2014-ի դեկտեմբերի որոշմամբ` նրան տեղափոխել են Գոբուստանի բանտ, որտեղ պահել են մեկուսացման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը