Աշխարհի 50 երկրից մոտ 600 մասնակից. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը մեկնարկում է (լուսանկարներ)
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Երևանում մեկ հարկի տակ է հավաքել ավելի քան 600 քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչների, ցեղասպանգետների, լրագրողների, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրների աշխարհի շուրջ 50 երկրից: Ֆորումն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
Գլոբալ ֆորումի համանախագահներն են՝ Ֆրանսիայի ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների անդամ և ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը, նախագահողները՝ Լուիզ Մորենո-Օլամպոն (ղեկավարում է «Գետնիկ և Գետնիկ» ՍՊԸ-համաշխարհային ծրագրերի փաստաբան), Ջեֆրի Ռոբերտսոնը (հիմնադրել և ղեկավարում է «Դավթի Սթրիթ Չամբերսը»՝ մարդու իրավունքների ոլորտում Միացյալ Թագավորության առաջատար կառույցներից մեկը):
Ֆորումի բացմանը ելույթ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերսետյնը:
Ֆորումի առաջին նիստի թեման է՝ «Մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացումը միջազգային իրավունքում»: Այս նիստի ընթացքում քննարկվելու է «մարդկության դեմ հանցագործության» հայեցակարգի ձևավորման պատմական զարգացումը և դրա հետագա ընդլայնման հնարավոր հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվելու տարբեր վայրերում և ժամանակաշրջաններում իրականացված զանգվածային բռնարարքների համեմատական ուսումնասիրությանը: Ցեղասպան միջավայրի, հանցագործների գործելաոճի և հանցագործության հաջորդող շրջանի ուսումնասիրությունն ու նմանությունների վերհանումն առանցքային նշանակություն ունեն նոր հանցագործությունների կանխարգելման համար:
Երկրորդ նիստի թեման է լինելու «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները»: Այս նիստի մասնակիցները կենտրոնանալու են ցեղասպանության հանցագործության համար պատասխանատվության և իրավունքների վերականգնման և չկրկնման երաշխիքների վրա, առկա դրական փորձի, չլուծված խնդիրների վրա:
Ֆորումի երկրորդ օրվա լիագումար նիստի թեման է «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության»: Ելույթ են ունենալու ֆորումին մասնակից խորհրդարանականները:
Երկօրյա ֆորումին զուգընթաց ընթանալու է նամականիշների ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «Ցեղասպանությունը գրականությունում» խորագրով գրքերի ցուցադրություն, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով, «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանք-Աստծո պարգև» միջեկեղեցական նիստ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին