Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահի այցը Հայաստան
Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը Հայաստան: Այս մասին հայտնում է բոսնիական Nezavisne Novine գործակալությունը:
Աղբյուրի համաձայն , Միլորադ Դոդիկի ինքնաթիռը թուրքական իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալու համար երկուսուկես ժամ մնացել է բուլղարական Բուրգասում:
Նույն աղբյուրն այնուհետև տեղեկացրել է , որ Թուրքիայի տարածքով թռիչք իրականացնելու հարցման պատասխան չստանալով Սերբական Հանրապետության նախագահը վերադարձել է Բանյա Լուկա:
Ըստ նույն աղբյուրի հավելման, տեղական ժամանակով 17:00-ին Դոդիկի ինքնաթիռը վերադարձել է Սարաևո: Միաժամանակ հայտնվում է, որ մեկնելուց առաջ նախապես համաձայենցված է եղել չվերթը Թուրքիայի տարածքով, սակայն Բուլղարիա հասնելուն պես խնդիրներ են առաջացել:
Գործակալությունը գրում է, որ Միլորադ Դոդիկը Հայաստան էր մեկնում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: