ՊԲ մամուլի քարտուղար. Առաջնագծում սրացումներով Ադրբեջանը փորձում է ծառայություն մատուցել Թուրքիային
Վերջին շրջանում առաջնագծում լարվածությունը կրկին սրվել է, նույն իրավիճակը նկատելի է նաև երկուստեք տեղեկատվական դաշտում: Պատճառները պարզելու նպատակով Panorama.am-ը զրուցեց Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ:
- Ինչով են պայմանավորված վերջին սրացումները հակամարտության գոտում:
-Վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի Հանրապետության հետ սահմանին լարվածության աճը, իրավիճակի ապակայունացումն ու հակառակորդի կողմից իրականացվող սադրանքների հաճախականությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական սուլթանապետությունը շարունակում է սպասարկել իր «ավագ եղբոր»` Թուրքիայի շահերը: Հայերի համար կարևոր իրադարձությունների, պետական տոների նախօրյակին ու դրանց ընթացքում Ադրբեջանի սադրանքներն առաջնագծում նորություն չեն, բայց այս տարի դրանք աչքի են ընկնում իրենց ինտենսիվությամբ:
-Ավելի հստակ ե՞րբ են հակառակորդի գործողություններն առավել ինտենսիվ դարձել:
-Այդ ապակայունացնող գործողությունները կարելի է ասել ինտենսիվ են դարձել 2015-ի սկզբից ի վեր:
- Կապ տեսնում ե՞ք դրանց և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
-Այո´, դրանցով հակառակորդ երկրի իշխանությունները փորձում են իրենց «բացառիկ» ծառայությունները մատուցել պաշտոնական Անկարային՝ տապալելու Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Եվ ինչպես մեկ դար առաջ էր Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդն է հանդիսանում այսօրվա Թուրքիան, առաջնորդվում «Եթե չլինի հայ, չի լինի նաև հայկական հարց» կարգախոսով, այսօր էլ Ադրբեջանն է շարունակում այդ քաղաքականությունը՝ ընտրություն չկատարելով միջոցների ու ձևերի մեջ, նպատակ ունենալով ամեն կերպ վնաս պատճառել հայերին: Սակայն նրանց ծրագրերը դատապարտված են կատարյալ ձախողման, քանի որ հայն այսօր, ի տարբերություն այն ժամանակվա, ունի կազմակերպված ու մարտունակ բանակ, որն էլ գլխավոր խոչընդոտն է թուրքերի վարած «Առանց հայ Հայաստան» տեսնելու քաղաքականության իրականացման համար՝ հանդիսանալով հայ ժողովրդի անվտանգության ու բարեկեցության միակ երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման հիմնական դերակատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին