Թոմաս դե Վաալ. «Էրդողանը Հայաստանում անցկացվող միջոցառումները ստվերելու համար Գալիպոլիի օր ընտրեց ապրիլի 24-ը»
Պատմական որևէ իրադարձություն այնքան ընկղմված չէ այսօրվա քաղաքական կոնյուկտուրայի մեջ, որքան Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությանը նվիրված իր հոդվածում գրում է Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցրերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը:
Փորձագետի դիտարկմամբ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ ձերբակալվեցին այն ժամանակի Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից: Այդ ամենը դարձավ իրադարձությունների մի ամբողջ շարքի մեկնարկ, որոնք հանգեցրեցին մեկ միլիոնից ավել հայերի զանգվածային տեղահանության և սպանության: Փորձագետի գնահատմամբ՝ դրանք իրադարձություններ էին, որոնք երկու սերունդ անց անվանվեցին Ցեղասպանություն:
«Ցավոք Երևանում անցկացվող ոգեկոչման արարողություններին այս տարի մրցակից է հայտնվել՝ 100 տարի առաջ Գալիպոլիի թերակղզում հետևակի ափհանման տարելիցը նշելու արարողոթյունները: Ապրիլի 24-ը մեծ օր է Հայաստանի համար: Այն այս փոքրիկ երկրի համար ոչ միայն աշխարհին իր ողբերգության մասին հիշեցնելու օր է, այլ նաև համաշխարհային առաջնորդների ուշադրությունը գրավելու օր է»,- գրում է փորձագետը:
Շարունակելով՝ Վաալը գրում է, որ այդ օրը Երևանում են լինելու Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչներ, բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպես օրինակ Ջորջ Քլունին:
Փորձագետը նկատում է, որ Թուրքիան ավանդաբար Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշել է կամ մարտի 18-ին կամ ապրիլի 25-ին և միայն այս տարի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը որոշել է այն նշել ապրիլի 24-ին:
«Բայց Թուրքիայի նախագահ Էրդողանը, ակնհայտորեն խորապես սխալ մտայնությամբ այս տարի ընտրեց ապրիլի 24-ը՝ Հայաստանում անցկացվող ոգեկոչման արարողությունները ստվերելու համար: Այդ քայլով Էրդողանը անցավ այն բարության այն գիծը, որը նրան բերել էր նախորդ տարի 1915-16 թթ դեպքերի կապակցությամբ հայ ժողովրդի ժառանգներին ուղղված իր ցավակցական ուղերձը»,- նկատում է Վաալը:
Անդրադառնալով Ցեղասպանության չընդունման գործում Թուրքիայի դիրքորոշմանը փորձագետը նկատում է, որ թեև Թուրքիան չի մերժում սպանությունների իրողությունը, բայց և պահանջում է, որ այդ ամենը որպես Ցեղասպանություն չանվանվի: Այս համատեքստում Վաալը նկատում է, որ վերջին տարիներին դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել նաև թուրքական հասարակության ներսում, սակայն էական առաջընթաց դեռ չի նշմարվում:
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները մնում են սառը, բայց այստեղ պատճառը ավելի խորն է, իսկ ավելի կոնկրետ՝ Թուրքիայի դաշնակցությունը Ադրբեջանի հետ, որը Հայաստանի գլխավոր հակառակորդն է: Պատճառներից է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- գրում է փորձագետը:
Վաալը նկատում է, որ հայ-թուրքական սահմանի փակման գործում էական նշանակություն է ունեցել ադրբեջանական գործոնը կապված Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած պատերազմի հետ:
Խոսելով հայ-թուրքական սահմանի փակ լինելուց և հարաբերությունները կարգավորելու համար 2009 թվականին մեկնարկած ֆուտբոլային դիվանագիտությունից՝ Վաալը նկատում է, որ նախաձեռնության տապալման գործում կրկին դեր խաղաց ադրբեջանական գործոնը:
«Նախաձեռնությունը տապալվեց, և այստեղ գլխավոր դերը կրկին խաղաց Ադրբեջանը՝ հասնելով Թուրքիայի կողմից արձանագրությունների չվավերացմանը: Այդ ժամանակից ի վեր թուրք-ադրբեջանական հարաբերությունները ավելի են սերտացել, հընթացս դժվարացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- գրում է Վաալ:
Այդուհանդերձ, փորձագետի գնահատմամբ՝ այդ իրավիճակից որևէ օգուտ դեռ չի եղել, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակված, Թուրքիան չի դարձել Հարավային Կովկասում կարևոր դերակատար, իսկ Ղարաբաղյան հակամարտությունն էլ դեռ մնում է չկարգավորված:
«Թուրքիան կցանկանար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում, ինչը թույլ կտար նրան ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում և թուրք պաշտոնյաները մասնավոր զրույցների ժամանակ երբեմն իրենց հիասթափությունն են հայտնում կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի որդեգրած կոշտ դիրքորոշումից»,- գրում է Վաալը:
Եզրափակելով՝ փորձագետը նկատում է, որ այս ամենի հանրագումարում ստացվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը անցնում է բավական քաղաքականացված մթնոլորտում, ինչը լրացուցիչ գլխացավանք է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր տարածաշրջանում հակամարտության և տառապանքների ավարտ են ցանկանում: