Սպիտակ Տունը «հայերի կոտորածների փաստերի» ամբողջական և արդար ճանաչման կոչ է անում
Միացյալ Նահանգների իշխող վարչակազմը մտադիր է օգտագործել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների հարյուրամյա տարելիցը «փաստերի ամբողջական, ազնիվ և արդար ճանաչման» համար։ Այս մասին ասված է Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանի անունից տարածված հայտարարությունում, որը զետեղված է ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքէջում։
ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական հայտարարությունը հետևել է նախօրեին Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական ասամբլեայի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը։
«Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մըքդոնոուն ու նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը երեքշաբթի օրը ընդունել են Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական ասամբլեայի ղեկավարներին` քննարկելու հայերի նկատմամբ 1915 թ-ին իրականացված հանցագործությունների հարյուրամյա տարելիցի հիշատակի միջոցառումները։ Ընդգծելով հայ և ամերիկացի ժողովուրդների միջև խորը կապերը, քննարկվել է այդ սարսափելի ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի կոտորածները ոգեկոչող միջոցառումների անցկացման կարևորությունը»,-ասված է հայտարարության տեքստում։
Հաղորդագրության համաձայն, վարչակազմի ներկայացուցիչները «ընդգծել են, թե Միացյալ Նահանգները կօգտագործի այս առիթը կոչ անելու փաստերի ամբողջական, ազնիվ և արդար ճանաչմանը, որը կբխի բոլոր կողմերի շահերից»։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է ֆինանսների նախարար Ջեկ Լյուին գլխավորելու ամերիկյան պատվիրակությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք Հարյուրամյակի միջոցառումներին «ի համեարշխություն հայ ժողովրդի»։