Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդը հպարտանում է իր ընկերոջ կատարած քայլով
Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը նշել է, որ հպարտանում է, բայց իր համար անակնկալ չէր իր ընկերոջ՝ Հռոմի պապի՝ 1915թ-ի կոտորածները Ցեղասպանություն կոչելու վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին The Associated Press-ի թղթակցի հետ զրույցում նշել է արքեպիսկոպոսը:
Արքեպիսկոպոսը ընդգծել է, որ բարեկամական հարաբերություններ ձեռք է բերել ներկայիս Հռոմի պապի հետ դեռ հեռավոր 1990-ից, երբ վերջինս Բուենոս Այրեսում կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս էր: Մուրադյանի խոսքով՝ դեռ այդ տարիներին Խորխե Մարիո Բերգոլիոն համոզված կերպով աջակցում էր հայկական սփյուռքին՝ զանգվածային կոտորածները ցեղասպանություն որակելով:
«Մեզ համար հստակ է եղել նրա դիրքորոշումը ցեղասպանության հարցում, թեև ես հաճախ չեմ բարձրաձայնում, սակայն պետք է նշեմ, որ ներքին մեծ հպարտություն ունեմ, որ իմ ընկերը կարողացավ նման կարևոր քայլ անել»,- հավելել է Տեր Գիսակ Մուրադյանը:
Նրա խոսքով՝ Հռոմի պապը Արգենտինայում ապրող շատ հայերի հետ բարեկամական հարաբերություններ ունի՝ հավելելով, որ հայկական համայնքը մոտ 120 հազար է, որի մեծամասնությունը Արգենտինա է տեղափոխվել ցեղասպանությունից հետո: