Սեիդով. Ադրբեջանում մոտ 2000 երեխա ապրում է փողոցում
Ադրբեջանի` երեխաների գծով հասարակական կազմակերպությունների միության համակարգող Նաբիլ Սեիդովն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ ներկայումս Ադրբեջանում մոտ 2000 երեխա ապրում է փողոցում, և այդ 2000 երեխայի` հագուստ չունենալու պայմաններում իշխանությունն արտասահմանցի ֆուտբոլիստների վերնաշապիկների վրա 70 մլն դոլար է ծախսում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Նրա խոսքերով, երեխաների` այդ վիճակում հայտնվելու գլխավոր պատճառներից են ծայրահեղ աղքատությունը, ընտանիքների բազմազավակ լինելը, ինչի հետևանքով աղքատ ծնողները չեն կարողանում պահել նրանց, ու վերջիններս հայտնվում են փողոցում: Եվ դա միայն Բաքվով չի պայմանավորված, այստեղ են գալիս երեխաներ շրջաններից` մայրաքաղաքում մուրացկանություն անելու նպատակով:
«Ադրբեջանում երեխաների վերականգնողական ընդամենը երկու կենտրոն կա, երկուսն էլ` խիստ ցածր վիճակում: Ադրբեջանում, որտեղ 3,5 մլն երեխա կա, դեռևս երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտ ձևավորված չէ»,- տարակուսել է նա:
Բացի այդ, Սեիդովը շեշտել է, որ երկրի առողջապահության նախարարության տվյալներով` վերջին երեք ամիսներին անցկացված պարտադիր դիսպանսերիզացիայի արդյունքում զննության ենթարկված 767 229 երեխաներից 78 797-ի մոտ հիվանդություն է հայտնաբերվել: Հիվանդություններով տառապողների թիվն ավելի մեծ է 6-13 տարեկան երեխաների մոտ: Հիվանդ երեխաներից 24 573-ը եղել է մինչև 5 տարեկան, 36 981-ը` 6-13 տարեկան, 17 243-ը` 14-17 տարեկան:
«Ահա իշխանության առողջապահական քաղաքականության արդյունքը: Իշխանությունը հնարավորություն չի տալիս, որ երեխաներն ապագան ունենան», -եզրափակել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան