Ադրբեջանում արգելել են կայանել Բաքվի կենտրոնում ու հին ավտոմեքենաներ օգտագործել
Բաքվի պետական ճանապարհային ոստիկանության հասարակական կառույցների հետ կապերի բաժնի ղեկավար Վագիֆ Ասադովը հայտարարել է, որ Եվրոխաղերի ժամանակ քաղաքացիներին չի թույլատրվելու ավտոմեքենաները կայանել քաղաքի կենտրոնում և երթևեկել հին ավտոմեքենաներով: Նա հիմնավորել է, թե նման ավտոմեքենաներ տեսնող արտասահմանցի հյուրերը կարող են վատ կարծիք կազմել Ադրբեջանի մասին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Meydan TV համացանցային ռեսուրսը:
Meydan TV-ի հետ զրույցում, մեկնաբանելով սույն հայտարարությունը, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին ասել է, որ դրանով երկրի իշխանությունը բացահայտել է իր իրական հակաժողովրդական մտածողությունը:
«Հենց այդ մտածողության պատճառով Բաքվի շրջաններում կիսաքանդ ու խղճուկ տները թաքցնելու համար իշխանությունը միլիոնավոր գումարներ է ծախսում դրանց առաջ բուտաֆորական թանկարժեք պատեր կառուցելու վրա: Նրանք բազմաթիվ արգելքներ են դրել ժողովրդի առաջ, որպեսզի արտասահմանցի հյուրերի մոտ երկրի մասին լավ տպավորություն ստեղծեն», -շեշտել է նա:
Փորձագետը հիշեցրել է, որ մուրացկաններին Բաքվից արտաքսել են շրջաններ, փողոցային շներին հրապարակայնորեն սպանել ու այրել են, քաղաքացիներին արգելել են հարսանյաց հանդեսներ անցկացնել, հոգեհացի արարողության ժամանակ վրաններ օգտագործել:
Տնտեսագետը նկատել է, որ շարքային քաղաքացիների վիճակի փոխարեն իշխանություններին հետաքրքրում է արտասահմանցիների` իրենց մասին կարծիքը: «Նրանք վերանորոգում են Հեդար Ալիևի անվան պալատով ավարտվող Բաքվի կենտրոնը, նաև` օդանավակայանից քաղաք տանող մայրուղին, իսկ հյուրերին միկրոշրջաններ տանողներին «ժողովրդի թշնամի» են անվանում»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` վերջերս Բաքվի կենտրոնական շենքերի պատերին հայտարարություններ են հայտնվել, որոնք ազդարարում են, թե արգելվում է լվացած սպիտակեղենն ու այլ իրեր փռել պատշգամբներում: Ենթադրվում է, որ այդ արգելքի պատճառը ևս Եվրոպական խաղերն են:
Նյութեր թեմայի շուրջ`
Ջեյմս Ուորլիքը ողջունում է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը
Բաքվում Եվրոպական խաղերին ընդառաջ ոչնչացվում են նաև կանաչ տարածքներ
EurasiaNet.org. Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա