Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում էին օրինականացնել հայկական կողմից զոհերի մասին ապատեղեկատվությունը
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ հայկական աղբյուրները խեղաթյուրելով փորձել են օրինականացնել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հայկական կողմի կորուստների մասին իրենց ապատեղեկատվությունը: Այսպես, ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվել էր հայկական iLur.am լրատվական կայքի սքրինշոթը, որում առկա էր նման տեղեկատվություն՝ ադրբեջանական ArmenianReport կեղծ կայքին հղումով:
Ինչպես պարզվեց, iLur.am կայքը ենթարկվել էր հաքերային հարձակման: Ադրբեջանական կեղծարարները, կայքը կոտրելուց հետո տեղադրել էին «ականի պայթունի հետևանքով հայկական կողմի կորուստների մասին» ապատեղեկատվություն, սակայն հաշվի չէին առել մեկ կարևոր հանգամանք. iLur.am կայքն ընդհանրապես չունի ռուսալեզու տարբերակ, ինչի մասին վկայում է նաև հենց ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած սքրինշոթը:
Ադրբեջանական կողմը հաշվի չէր առել նաև այն փասը, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը կհաստատի միջադեպի և տեսանյութի իսկությունը` հերքելով հայկական կողմի զոհերի մասին ապատեղեկատվությունը, ինչն անձամբ տեսանելի է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութն ուսումնասիրելիս: Տեսանյութում պարզ երևում է, որ ականի պայթունից հետո բոլոր զինծառայողները դուրս են գալիս ռազմական մեքենայից, որոնց տեղափոխում է մեկ այլ, մոտեցող ռազմական փոխադրամիջոց:
ՊԲ մամուլի ծառայությունն ընդգծում է, որ կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի Հանրապետության հետ սահմանին լարվածության աճը, իրավիճակի ապակայունացումն ու հակառակորդի կողմից իրականացվող սադրանքների հաճախականությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական սուլթանապետությունը շարունակում է սպասարկել իր «ավագ եղբոր»` Թուրքիայի շահերը և փորձել տապալել Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:
Նյութեր թեմայի շուրջ՝
ՊԲ մամուլի քարտուղար. Առաջնագծում սրացումներով Ադրբեջանը փորձում է ծառայություն մատուցել Թուրքիային
Հակառակորդը ականը պայթեցրել է հեռակառավարման եղանակով, հայկական կողմը կորուստներ չունի. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին