Bloomberg. Թուրքիայի ժխտողականությունը երկիրը դնում է աճող մեկուսացման մեջ
101 ամյա Նեկտար Ալաթուզյանը այն քիչ մարդկանցից է, ով ցեղասպանության ականատես է և ապրում է Հայաստանում: Նրա ընտանիքը 1915թ-ի կոտորածների ժամանակ միացել է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին, ովքեր 53 օր ինքնապաշտպանություն են մղել: Հայոց ցեղասպանության վերաբերյալ անդրադարձում գրում է հեղինակավոր Bloomberg պարբերականը:
Պարբերականը ընդգծում է, որ համաշխարհային առաջնորդները ապրիլի 24-ին ժամանում են Երևան, մինչդեռ Թուրքիայի ժխտողականությունը երկիրը դնում է աճող մեկուսացման մեջ, մանավանդ այն պարագայում, երբ վերջին օրերին Հռոմի պապը և Եվրախորհրդարանը կոչ են արել ճանաչել ցեղասպանությունը, իսկ Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկեր Գերմանիան պլանավորում է ցեղասպանություն եզրույթը ընդունել գալիք ուրբաթ օրը:
Բացի վերոհիշյալ իրադարձություններից, պարբերականը առանձնացնում է նաև ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ով, հոդվածագրի խոսքով, մեծ անախորժություններ ստեղծեց Թուրքիայի համար՝ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռելով Հայաստանի և Հայոց ցեղասպանության վրա:
«Bloomberg»-ը, անդրադառնալով Թուրքիայում ցեղասպանության երևույթի շուրջ ընկալումներին, նշում է, որ օրինակ՝ Անկարայի 21-ամյա ուսանող Աբդուլան, ում պապը 1915թ-ին 1.5 մլն հայերի ցեղասպանությունը իրականացնողների շարքում է եղել, թուրքական կառավարության նման չի ընդունում, որ մեկ դար առաջ իրենց պապերը ցեղասպանություն են գործել, չնայած խոստովանել է. «Իմ մերձավորներից մեկը, ով հայտնի է եղել Ավազակ Ալի անունով, Օսմանյան Կայսրության խորհրդարանի պատգամավոր Հալեթ Բեյի հրամանով սպանել է հայ բարձրաստիճան պաշտոնյայի»:
Անկարայում ուսումնառություն ստացող հայազգի Դիանա Յայլոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանում կարծում են, թե Թուրքիայում բոլորը տեղյակ են ցեղասպանության մասին, սակայն այդպես չէ, այստեղ շատ քչերը գաղափար ունեն տեղի ունեցածից»: