Երևանյան ֆորումում Շվեդիայի խորհրդարանի հայուհի փոխխոսնակը հիշեց իր տատի պատմությունը
«Երևանում ընթացող այս ֆորումը չափազանց կարևոր է ինձ համար և որպես Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ, և որպես վերապրողի ժառանգորդ»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ հայուհի Էսաբելլա Դինգիզյանը:
Նա նշեց, որ այսօր պետք է բոլորը հիշեն հայ ժողովրդի տանջանքների մասին, հայերի նկատմամբ կատարված բարբարոսությունների մասին. «Այդ ամենը հիշելով, պետք է նաև հիշենք պատասխանատվության մասին, յուրանքաչյուրը պետք է պայքարի ցեղասպանության, ռասիզմի դեմ»:
Էսաբելլա Դինգիզյանը հիշեց իր տատի պատմությունը, ում անվանել են Իզաբելլա, իրեն էլ անվանել են հենց ի պատիվ տատի: Նա պատմեց, որ տատիկը 12 տարեկան է եղել 1915 թվականին, ստիպված հազարավոր հայերի հետ անցել է անապատի դժվարին, տառապալի ճանապարհը, անապատում թողել է մորը:
«Նա կորցրեց իր ամբողջ ընտանիքին: Հասավ Բաղդատ, որտեղ ապրում էր որպես որբ: Այնուհետև հանդիպեց պապիկիս՝ Աբրահամին, ով իր սեփական պատմությունն ուներ: Իրաքում են ապրել, հետո տեղափոխվել են Շվեդիա: 104 տարեկանում է մահացել տատիկս: Չափազանց կարևոր է հիշել նման պատմությունները, որպեսզի պատկերն ամբողջական լինի»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը:
Ըստ նրա, շատ կարևոր է, որ հիշեցնեն այս պատմությունները հատկապես ապագա սերունդներին. «Մենք պետք է հիշենք, հիշեցնենք բարոյական պատասխանատվության մասին: Հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կդառնա կարևոր ինքնամտածելու տարի բոլոր ժողովուրդների համար ու կդատարապտեն Հայոց ցեղասպանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները