«Ֆանտաստիկ գործ է արված՝ կազմակերպչական մեծ ջանքեր պահանջող». Հ. Չեքիջյանը՝ «24/04» նվագախմբի համերգի մասին
Աշխարհի 43 երկրի 123 երաժշտից բաղկացած «24/04» համաշխարհային նվագախումբն անցկացնում է վերջին փորձերն ապրիլի 24-ի «Վերածնունդ» խորագրով համերգից առաջ։
«24/04» նվագախումբը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Այս մասին հայտնում է ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Սերգեյ Սմբատյանը կարևորել է իրադարձությունը։
«Բացառիկ համերգ է, քանի որ 43 երկրից ժամանած երաժիշտները հասկանում են, որ երաժշտության միջոցով կարող են բան փոխել աշխարհում։ Նրանք այստեղ են՝ խորապես ընկալելով խնդիրը, ասելիքը, գաղափարը»,- նշել է դիրիժորը։
Սերգեյ Սմբատյանը տեղեկացրել է, որ ամենամեծ խորհուրդը, որ ունի իր մեջ ապրիլի 24-ի դասական համերգը, վերածնունդն է։ Համերգը բացառիկ է նաև այն առումով, որ կատարվելու է վերջին 100 տարվա ընթացքում ստեղծված հայկական երաժշտությունը։ Մաեստրո Սմբատյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել բոլոր դիրիժորներին և երաժիշտներին, ովքեր այս օրերին միացել են մեզ և բարձրաձայնում են 100 տարի առաջ հայ ժողովրդի հետ կատարվածը։
Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն նշել է, որ «24/04» նվագախմբի համերգը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։ Նա ընդգծել է, որ Հայաստան գալու առաջարկը ստացել է մաեստրո Սերգեյ Սմբատյանից, և առանց վայրկյան իսկ մտածելու համաձայնել է ընդունել այն։ Իտալացի դիրիժորը նշել է նաև, որ «24/04» նվագախմբի և համերգի գաղափարը Սերգեյ Սմբատյանինն է. «Նա շատ հայտնի է աշխարհում։ Շատ երաժիշտներ ընդունել են այսօրվա խորհուրդն ու արձագանքել են նրա կոչին՝ լինել Հայաստանում։ Ինքս էլ միացել եմ նրան ու հրավիրել իմ երաժիշտ ընկերներին»։
Դիրիժոր Միխայիլ Յուրովսկին նշել է, որ համերգով ոգեկոչելու են Հայոց և աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը։
«Թեև տխուր տարելից է, սակայն ես անսահման երջանիկ եմ այստեղ լինել, երջանիկ եմ այն մթնոլորտի համար, որ այստեղ ստեղծված է»։ Յուրովսկին նշեց, որ ինքը շատ լավ ճանաչել է Արամ Խաչատրյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Առնո Բաբաջանյանին, և նրանք բոլորն իր համար ոչ միայն համաշխարհային երաժշտարվեստի մեծագույն ներկայացուցիչներ են, այլև մարդիկ, ովքեր մինչ օրս կենդանի են, մարդիկ, ովքեր ապրում են իր մեջ։
Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, խոսելով ապրիլի 24-ի համերգի մասին, նշել է, որ ֆանտաստիկ գործ է արված, որը կազմակերպչական մեծ ջանքեր է պահանջում։ Ամբողջ աշխարհը ներկայացնող երաժիշտները բարձրաձայնում են մեր խնդիրը։
«Սա խոշոր երևույթ է նաև արվեստի տեսակետից. նախադեպը չունեցող նվագախումբ է. մարդիկ հանդիպել են իրար առաջին անգամ, ու նվագախումբը հնչում է չտեսնված լավ։ Ես շնորհակալ եմ նաև Սերգեյ Սմբատյանին, ով հղացավ այս գաղափարը, ձեռնարկեց այն ու հաջողեց»,- ասել է մաեստրո Չեքիջյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի համերգն ունի չորս թեմա՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ: Համերգն ուղեկցվելու է տեսապատկերներով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան