Լիբանանի խորհրդարանի անդամ. Մենք պետք է երաշխավորենք, գործենք, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը չշարունակվի
«Ես հայ բարեկամներ չունեմ, բայց հպարտանում եմ ձեզնով: 1915 թվականին Լիբանանն ընդունել է փախստականների մի մեծ բազմություն, որ հանգրվան են գտել Լիբանանում: Նրանք շատ ակտիվ են, մենք բոլորս հպարտանում ենք նրանցով: Նրանք ոչ միայն ցեղասպանություն են վերապրել, այլև ցույց են տալիս, որ վերապրածները կարող են լինել կրեատիվ մտքի տեր»,- Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Լիբանանի խորհրդարանի անդամ Ղասան Մուխայբերը:
Նա նշեց, որ Լիբանանի խորհրդարանի կեսը քրիստոնյաներ են, կեսը մուսուլմաններ, և Լիբանանի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Շատ կարևոր է, որ միաձայն է ընդունվում որևէ որոշում: Ես հպարտանում եմ իմ երկրով: Վաղը Լիբանանի դպրոցներում աշակերտները դպրոց չեն գնալու և Բեյրութում քայլարշավ է լինելու»,- նշեց լիբանանցի խորհրդարանականը:
Ըստ նրա, մարդու իրավունքների կոպիտ ոտնձգություններ են կատարվում այսօր էլ. «Սիրիայում, Լիբանանում մշակույթներ են ոչնչացվում, մեր պարտականությունն է ոչ միայն բարձրաձայնել, այլև պահանջել, որ այլևս չկրկնվեն ոճրագործություններ և օսմանյան կայսրության սխալները: Օսմանյան կայսրությունը նոր անուն է ստացել, բայց գործողությունները նույնն են մնացել: Մենք պետք է երաշխավորենք, գործենք, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը չշարունակվի»: