Reuters. Թուրքիան պայքարում է հայկական կոտորածների դարավոր ժառանգության դեմ
Reuters-ը ծավալուն կերպով անդրադարձել է ներկայիս Թուրքիայի տարածքում՝ Դիարբեքիրի քրդական գյուղերից մեկում ապրող ծագումով հայ Նեզահաթ Էլեֆթոսի կյանքի պատմությանը, որի միջոցով ներկայացնում է Ցեղասպանության հետևանքներն ու հայերի ներկայիս վիճակը Թուրքիայի հարավարևելյան հատվածներում:
Նեզահաթ Էլեֆթոսը դեռ երեխա էր, երբ ընտանեկան սնդուկում հայտնաբերեց ընտանեկան լուսանկարներ, որոնցում պատկերված էին իր տատիկն ու նրա քրիստոնյա եղբայրները, ովքեր սպանվել էին հարավարևելյան Թուրքիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի զանգվածային ջարդերի ժամանակ:
Չորս տասնամյակ է, ինչ Էլեֆթոսը փորձում է պահպանել իր տատիկի՝ Զարիֆեի գաղտնիքն այն մասին, որ նա ծնվել է որպես քրիստոնյա հայ, այլ ոչ թե որպես մահմեդական քուրդ, ինչպես Դիարբեքիր նահանգի Օնբասիլար գյուղի իր հարևանները: Սակայն նրանք գիտեին այս մասին և շարունակ վիրավորում էին նրանց՝ անվանելով անհավատներ:
Էլեֆթոսը միայն հիմա է պատրաստ խոսել իր ընտանիքի հայկական ծագման մասին:
«Հիմա քրդերը հայերի ընկերներն են: Ես հպարտ եմ, որ քուրդ եմ ու հայ»,- ասում է նա:
Էլեֆթոսի ընտանիքի պատմության նման պատմությունները ճեղքում են քրդերի շրջանում լռության պատը, ովքեր կազմում են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը: Քրդերը օգնում են վերականգնել եկեղեցիները՝ ազգային ընտրություններում առաջ քաշելով հայ թեկնածուներին ու ներողություն խնդրելով իրենց նախնիների համար, որոնք մասնակցել են ջարդերին:
«Իսլամացած հայերից» շատերը եղել են որբեր, դեռատի կանայք՝ ինչպես Զարիֆեն, ով 1915թ. եղել է 12 տարեկան: Մինչ սարերը փախչելը՝ նա տեսել է, թե ինչպես են զինված տղամարդիկ շարում ու կրակում իր 7 քույրերին ու եղբայրներին: Սարերում էլ Էլեֆթոսի զինվոր պապիկը հայտնաբերում է աղջկան, տանում քուրդ ընտանիք ու հետագայում ամուսնանում մահմեդական դարձած աղջկա հետ:
«Տատիկս չէր ցանկանում պատմել իր պատմությունը: Նրա մեջ դեռ վախ կար: Ես համբուրում էի նրա ձեռքերը ու խնդրում պատմել ինձ այն ամեն ինչ եղել է»,- մանրամասնում է Էլեֆթոսը:
«Նման վկայությունները պատմության համար դժվարացնում են ժխտումը Թուրքիայի հարավ-արևելքում: Թուրքերը հավատում են, որ մահերը ցեղասպանություն անվանելը կարող է նշանակել պատմական ստի ընդունում:»,- ասում է Աբդուլլահ Դեմիրբասը՝ Դիարբեքիրի հնագույն Սուր շրջանի քուրդ քաղաքապետը։
«Նրանք պետք է ընդունեն, որ իրենց հայրերի զգալի մասը մասնակցել են ցեղասպանությանը կամ հարստացել են գողությամբ ու թալանի միջոցով: Ցանկացած ազգի համար դժվար է հայտարարել, որ իր ազատարար հերոսները եղել են մարդասպաններ և գողեր», - ասում է Թաներ Աքչամը:
Այս ամիս, փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն իր հաճախորդի պահանջի համաձայն հայց է ներկայացրել պետական արխիվ, որպեսզի տեղեկատվություն ստանա արևելյան Վան քաղաքի ակտիվների վերաբերյալ, որտեղ 1915 թ.-ին սպանվել է իր ընտանիքի մեծ մասը:
Հաճախորդը հրապարակել է միայն իր մկրտված անունը՝ Սահակը: Ընտանիքը իր հայկական արմատների և Վանում առգրավված ունեցվածքի մասին իմացել է Սահակի տատիկից:
Սահակը պարզել է, որ իր մեծ տատը, ով Վանից փախավ 1915 թվականին, հետմահու զրկվել էր քաղաքացիությունից 1964 թվականին: Սահակը հայցեր է ներկայացրել, սակայն չեն տրամադրել համապատասխան փաստաթղթերը, որով կարողանա ապացուցներ ներկայացնել իր ունեցվածքների վերաբերյալ:
«Նա միայնակ աղքատ մահացավ»,-ասում է Սահակը՝ ավելացնելով, որ նրանք (Թուրքիայի իշխանությունները, Panorama.am) կարող են երբեք չընդունել, որ դա Ցեղասպանություն էր, սակայն չեն կարող հերքել իմ ընտանիքի գոյությունը: