Նախագահ. ԱՄՆ-ն այսօր չի ցանկանում արտաբերել Ցեղասպանություն բառը, որպեսզի դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի (տեսանյութ)
Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին:
Panorama.am-ը ներկայացնում է Reuters-ի կովկասյան գրասենյակի թղթակցի հարցն ու Նախագահ Սարգսյանի պատասխանը:
–Վերջերս Հռոմի Պապը օգտագործեց ցեղասպանություն բառը իր ելույթներից մեկի ժամանակ: Եվ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական այլ երկրների խորհրդարաններ ճանաչեցին և կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու այդ “G”-բառը Ապրիլի 24-ին: Արդյո՞ք Դուք հիասթափված եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Գիտեք, Միացյալ Նահանգների 51 նահանգներից 44-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, իսկ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը, և հիմա էլ նրա խոսնակները, մեկնաբանելով այս հարցը, ասում են, որ պարոն Օբամայի կարծիքը չի փոխվել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր Ցեղասպանություն բառը: Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի: Գիտեք, ես ականատեսն եմ եղել բազմաթիվ քննարկումների, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ նրանք չեն ասել, որ Ցեղասպանություն չի եղել: Բազմաթիվ անգամ նրանք ասել են՝ այո՛, եղել է Ցեղասպանություն, բայց այս պահին Միացյալ Նահանգների շահերից չի բխում Ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ, այս դեպքում էլ նման է այն իրավիճակին, ինչ ես ասացի:
Նախորդիվ`
Նախագահը՝ BBC-ի թղթակցին. Թուրքիայի իշխանությունները խախտում են իրադարձությունների ժամանակագրությունը (տեսանյութ)
Նախագահը՝ CNN Turk-ին. Էրդողանից ավելի խորիմաստ հայտարարություն եմ ակնկալում
Նախագահը՝ Reuters-ին. Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել (տեսանյութ)
Նախագահը՝ Al Jazeera-ին. 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին