Տիգրան Սարգսյան. Մեր պայքարը անսասան է, մեր վճռականությունը անկոտրում է
Ապրիլի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ միացել են Կապիտոլիումի բարձունքում հավաքված շատ ամերիկահայերի ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակը և հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ տեղի ունեցած եղեռնագործության զոհերի հիշատակին:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցողները կոչերով դիմել են Նախագահ Բարաք Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերջ դնել Թուրքիայի կողմից պարտադրվող ժխտողականության քաղաքականությանը:
Հայկական հարցերի կոնգրեսական խմբի ներկայացուցիչներից բացի միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Սարգսյանը իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարյուր տարի է անցել ցեղասպանությունից ի վեր: Մեկ ամբողջ դար, մեկ ամբողջ դարաշրջան: Պոեզիան իր մեջ ներառում է այդ դարաշրջանի ոգին… Պոետը իր ազգի պատիվն է եւ խիղճը…
Այսօր ես կցանկանայի վերհիշել հայ պոետների և գրողների.
Հրանտ (Մելքոն Գյուրջյան) եւ Հովհաննես Հարությունյան, Գիրգոր Զոհրապ եւ Երուխան, Արտաշես Հարությունյան եւ Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սեւակ...
Ի՞նչ ընդհանրություն ունեն այս պոետները:
Նրանց մահվան օրը: Նրանք բոլորը սպանվեցին 1915-ին:
Կարո՞ղ եք պատկերացնել: Սպանել մի ամբողջ ազգի բոլոր գրողներին միաժամանակ: Հայի պատվի եւ խղճի ներկայացուցիչներին: Արդյո՞ք սա երբեւէ հնարավոր է մոռացության մատնել»:
«Մեր մեկդարյա պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար չունի քաղաքական նպատակներ: Սա պրագմատիկ պայքար չէ, այն քաղաքական շահեր չի հետապնդում: Մենք պայքարում ենք պատմական արդարության վերականգնման համար, մեր պատվի եւ խղճի համար, մեր ինքնության համար: Այն մեր պոետների հոգիների կանչն է, որը ամեն մի հայ ամբողջ աշխարհում ներառում է իր մեջ»:
«Ավելին, քան որեւէ այլ բան, հայերը կիսում են արդարության զգացումը: Մեր պայքարը անսասան է: Մեր վճռականությունը անկոտրում է»:
Շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք տարբեր մակարդակներում ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ դեսպան Սարգսյանը նաեւ գոհունակություն է հայտնել ԱՄՆ 43 նահանգներում օրենսդրական եւ գործադիր մարմինների տարբեր որոշումներով Մեծ Եղեռնը ճանաչելու առնչությամբ:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում այս երկրներին: Նրանց համերաշխությունը մեր ազգի մոտ վառել է հույսի ճրագը», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Դեսպանն իր խոսքը եզրափակել է ԱՄՆ կոնգերսականներին եւ սենատորներին ուղղված կոչով. «Հայկական հարցում խնդրում եմ խուսափեք բացառիկ քաղաքական շահերի հետապնդումից: Դա սխալ կլինի: Քաղաքականությունը առանց արժեքների մեզ կտանի նոր ողբերգությունների: 1915թ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կարող է կանխարգելել նոր չարիքը: Դա կլինի Արդարադատության հաղթանակը»: