Ամերիկայի հայ համայնքը ապրիլի 23-ին Սպիտակ տան մոտ մոմավառություն էր կազմակերպել
Ամերիկայի հայ համայնքը ապրիլի 23-ին Սպիտակ տան մոտ մոմավառություն էր կազմակերպել` պահանջելով նախագահ Օբամայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Հավաքվածները նշել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտ են ոչ միայն բարոյական տեսակետից, այլև ապագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքով, Հայոց ցեղասպանության հարցը բանավեճի առարկա չէ, քանի որ պատմաբաններն իրենց խոսքը վաղուց ասել են:
«Միացյալ Նահանգները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և բարոյական արդարադատության առաջնորդ, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Խաչիկյանը:
Փորձառու դիվանագետ, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը խորհուրդ է տալիս հարցին այլ կերպ մոտենալ: Իր խոսքով, ոմանք կարող են հիասթափվել, եթե Օբամայի հայտարարության մեջ չլինի «ցեղասպանություն» բառը, սակայն դիվանագետը խորհուրդ է տալիս հայտարարությունն ավելի ուշադիր կարդալ:
«Ցեղասպանությունը կարևոր բառ է, սակայն գոյություն ունեն ոչ պակաս բառեր»,-ասել է նախկին դեսպանը:
Հիշենցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում կրկին ասել է Մեծ եղեռն, սակայն այս անգամ հիշատակել է 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին: