Միխայլով. Ծիծեռնակաբերդ են եկել ասորիներ աշխարհի տարբեր ծայրերից
«Մենք բոլորս հիշում և պահանջում ենք: Այսօր անմեղ զոհերի հիշատակը հարգելու են եկել ոչ միան Հայաստանի, այլև տարբեր երկրներում ապրող ասորիները», - Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայելովը:
Նրա խոսքով, երբ այս տարվա մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ասորիների ու հույների ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը, աշխարհի տարբեր ծայրերում ապրող իր հայրենակիցները ոգևորվեցին ու ավելի եռանդով են շարունակում պայքարը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀՀԱԺ-ն միաձայն ընդունեց հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը: Այն ստացավ կոմպրոմիսային փաստաթուղթ անվանումը, քանի որ հայտարարության նախագծի մշակմանը մասնակցել են ԱԺ բոլոր 6 խմբակցությունների պատգամավորներ, անկախ պատգամավորներ, ասորական և հունական համայնքների ներկայացուցիչներ, պատմաբաններ, թուրքագետներ, գիտնականներ և սփյուռքի ներկայացուցիչներ:
Ա. Միխայլովն ասաց, որ մինչ օրս շարունակվում է ասորիների նկատմամբ ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների ու կազմակերպությունների կողմից ասորիների մոտ հույսեր են առաջացրել: