Չորս երկրի նախագահները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան պաշտոնական կայքից:
Չորս երկրների առաջնորդները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել նոր մշտական ցուցադրությանը: Չորս նախագահները շրջայցի ավարտին գրառում են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: Նախագահները մեծ տպավորություն էին ստացել նորաբաց թանգարանային ցուցադրությունից:
Հիշեցնենք, որ նոր թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք երեք լեզուներով հայերեն, անգլերեն, ռուսերեն կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ: Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված թանգարանային փորձագիտական խումբը:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահներч նախկին երեք սրահների փոխարեն:
Ցուցադրությունը բաղկացած է հիսուներկու հիմնական խորագրերից: