Պատմում են վերապրածները. «Ասացին՝ թուրքերը մորթել են» (Տեսանյութ)
Արհավիրքների միջով անցած Նեկտար տատի գցած ճյուղերն օր օրի փարթամանում են, նոր ճյուղեր են ավելանում, իսկ ինքը… ինքը սմքում է, փոքրանում: Տատն ունի 5 երեխա, 12 թոռ, 33 թոռի երեխա, 8 թոռի թոռ…
Ցեղասպանություն տեսած կինն այսօր դժվարանում է խոսել: Առաջը փռած լուսանկարների մարդկանց էլ արդեն դժվարությամբ է տարբերում: Տատին լսելու համար տուն այցելածներին թոռն է մանրամասներ ներկայացնում:
1914 թ. ծնված Նեկտար Ալատուզյանի անձնագրում ծննդավայրը Թուրքիան է նշված:
«Ժամանակին տատին անընդհատ ասում էր, մեր երկիրը՝ մեր երկիրը հարուստ էր, այնտեղի թուզը լավն էր, նռան ծառերը, ամեն ինչ կար: Թուրքերը եկան, կոտորեցին, սպանեցին: Ես որոշեցի տատիկի պատմածները գրի առնել»,-պատմում է թոռնուհին ու ներկայացնում տատուն՝ հայդուկապետ Թովմաս Ավդունուլյանի աղջիկն է:
Հայրն ընտանիքի անդամների ու իր քաջերի հետ բարձրանում են Մուսա լեռը, կռվում ինչով կարող էին՝ չկորցնելով հույսը, որ շուտով օգնության կհասնեն իրենց: Այդպես էլ լինում է: Ֆրանսիացիներին հաջողվում է փրկել Նեկտարին, հորը, մորը… Նրանք հետո տեղափոխվում են Եգիպտոս, այնտեղ ապրում չորս տարի, ապա վերադառնում Խդրբեգ գյուղ ու այնտեղ ապրում մինչև 39 թվականը: Այդ տարի արդեն վերջնականապես լքում են հարազատ գյուղն ու հեռանում: Տատն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր, բնակություն են հաստատում Այնճարում, ապրում մինչև 47 թվականը: Այստեղից էլ տեղափոխվում են Էջմիածին, որտեղ ապրում են մինչև օրս:
Տատը կողքից լսում է իր պատմությունը, մերթ ընդ մերթ ավելացումներ անում:
1910 թ. ծնված Խոսրով Ֆրանգյանն էլ մեծ դժվարությամբ է խոսում, լավ հիշում է, ինչպես եկան թուրքերը, իրենք ինչպես ունեցած քիչ զենքերով ինքնապաշտպանության ձեռնամուխ եղան, ինչպես փոքրիկ հաջողություն ունեցան, ինչպես թուրքերը փախան, ինչպես իրենք փրկվեցին…
«Վերջը իմացանք, որ թուրքերը մեր գյուղը դատարկել են: Ասեցինք՝ գնանք: Գնացինք, հարցրեցի՝ հորս հորեղբայրն ո՞ւր է, ասացին՝ թուրքերը մորթել են…»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները