Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը միաձայն որպես «ցեղասպանություն» որակեցին
Գերմանիայի Բունդեսթագում այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկումների և հայտարարությունների ընթացքում ելույթ ունեցած 8 պատգամավորները միաձայն ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:
Բունդեսթագի պաշտոնական կայքի ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվող նիստի ընթացքում ելույթ ունեցան տարբեր խմբակցություններին պատկանող պատգամավորներ, այդ թվում` Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերը, Քրիստոֆ Բերգները, Ջեմ Օզդեմիրը, Նորբերտ Ռոտգենը, Բերնտ Ֆաբրիցիուսը և այլք, որոնք, խոսելով 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, միաձայն ճանաչեցին այն որպես ցեղասպանություն և դատապարտեցին դրա ժխտումը:
Մասնավորապես` թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն իր ելույթում խստորեն քննադատեց Հայոց ցեղասպանության ժխտումը և կոչ արեց ներողություն խնդրել հայերից և Հայաստանից:
Իշխող ՔԴՄ պատգամավոր Նորբերտ Ռոտգենը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության հարցում Գերմանական Կայսրության և Գերմանիայի պատասխանատվության հարցը և շեշտեց, որ նույնիսկ հարյուր տարի անց ուշ չի լինի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Կոալիցիայի անդամ Սոցիալդեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիտմար Նիթանը հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը ատելություն տարածելու նպատակ չունի: Նա ընդգծեց, որ Անատոլիայի հայերի, ասորիների, արամեացիների, Պոնտոսի հույների համակարգված ոչնչացումը Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է եղել:
«Մենք` Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներս պարտավոր ենք հայ ժողովրդից ներողություն խնդրել Գերմանական կայսրության համար», - հավելեց Դիտմար Նիթանը:
ՔԴՄ խմբակցության պատգամավոր Էրիկա Շթայնբախը վրդովված հայտարարեց, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» բառով չեն անվանում և կոչ արեց ճանաչել ու դատապարտել այն:
Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերջնական քվեարկությունը Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունենալու ապրիլի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան