Ջահերով երթ՝ Ջավախքում (լուսանկարներ)
Ախալքալաքում երեկ երեկոյան անցկացվել է ջահերով երթ: Նախ ջահակիրները Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, հայկական և վրացական դրոշներով, «Ճանաչում, դատապարտում, հատուցում» վանկարկելով շարժվել են դեպի Վրաց եկեղեցի, որտեղ նամակ են հանձնել Վրաց Միտրոպոլիտին: Այնուհետև երթի մասնակիցները Ազատության փողոցով շարժվել են դեպի Սուրբ Խաչ եկեղեցի: Ճանապարհին Վարչության շենքի մոտ երիտասարդները մի պահ կանգնել, շրջվել են դեպի շենքը և միաձայն բացականչել՝ «ամոթ», քանզի Ախալքալաքի տեղական իշխանությունները այդպես էլ ապրիլի 24-ը չեն ընդունել Հայոց ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օր: Այս մասին տեղեկանում ենք jnews.ge կայքից:
Ջահերով երթի հաջորդ հանգրվանը Սուրբ Խաչ եկեղեցին է եղել: Սրբադասման ավարտին ինչպես Ջավախքի բոլոր, այնպես էլ Սուրբ Խաչ եկեղեցու զանգերը խորհրդանշական հարյուր անգամ ղողանջել են, որից հետո Ջավախքի առաջնորդը եկեղեցուց կրակը փոխանցել է ջահակիրներին:
Ի տարբերություն մյուս տարիների, այս տարի երթի մասնակիցները շարժվել են դեպի Ախալքալաքի բերդ: Սուրբ Խաչ եկեղեցուց երթն առաջնորդել է Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Ախալքալաքի բերդերում երթի մասնակիցները վառել են Թուրքիայի դրոշը: Այնուհետև կարդացել են ջահակիրների պահանջը և կոչ է արվել Վրաստանի իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ելույթներ են ունեցել Տեր Տաթև քահանա Մարուքյանն ու Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: