Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի ցեղասպանությունների «մայրն է». Կասպարով
«Այսօր նշվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցը: Ինչպես բոլոր ոճրագործությունները, դժվար է առերեսվել դրան: Չարագործությունն աճում է, երբ մենք հրաժարվում ենք ճանաչել, ընդունել այն: Ահա ամենը, ինչ պետք է իմանանք պատմությունից», -իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ մասին այսօր գրել է հայ-հրեական ծագումով շախմատի աշխարհի չեմպիոն, այժմ Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը:
Նրա խոսքով, պետք է բավականաչափ ազնիվ լինենք, որպեսզի չարագործությունն անվանենք իր իսկական անունով, հատկապես այդ չարագործությունը, որը 20-րդ դարի ցեղասպանությունների «մայրն է»:
Նա հիշեցրել է 2002-ին The Wall Street Journal պարբերականում տպագրված իր հոդվածը, որը կոչ էր Եվրոպական Միությանը ընդունել Թուրքիային իր շարքերը մի քանի հարցեր լուծելու դեպքում միայն: Դրանցից մեկը 1915-ին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու ամբողջական հետաքննությունն էր:
«Մեծ հիասթափություն էր, որ դա այդպես էլ չպատահեց: Ես մինչ այժմ հույս եմ փայփայում, որ այդպես կլինի: Ինչպե՞ս կարող ենք պայքարել այժմ գոյություն ունեցող չարիքի դեմ, եթե քաջություն չունենք առերեսվել այն չարիքին, որի ուրվականները մեկդարյա կյանք ունեն»,-գրել է Կասպարովը: