Թուրքագետ. Գերմանիան կոչ է անում Թուրքիային ստանձնել պատասխանատվություն և ձերբազատվել ժխտողականությունից
«Չափազանց կարևոր էր Գերմանիայի նախագահի ուղերձը, որում հայերի զանգվածային կոտորածը որակվել է Ցեղասպանություն: Այդուհանդերձ, կարևոր է նաև, որ նա խոսեց հատուկ պատասխանատվություն ստանձնելու մասին, որը որպես կոչ ուղղված էր Թուրքիային»,-անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությանը` «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Չափազանց կարևոր է, որ Գերմանիայի նախագահը իր ելույթում նշում է հատկապես պատասխանատվության հանգամանքը` հաշվի առնելով Գերմանիայի փորձառությունը: Այսինքն` կոչ է արվում մի երկրի կողմից, որը նման փորձառություն է ունեցել ցեղասպանության իրագործման, այնուհետև պատասխանատվության ստանձման և հետևանքների վերացման կապակցությամբ: Խոսքը Հոլոքոստի մասին է»,- նշեց թուրքագետը:
Գաուկի ելույթում ժխտողականության բացառման շեշտադրման վերաբերյալ Հովսեփյանը նշեց, որ դա կոչ էր այն մասին, որ «Թուրքիայի պատասխանատվության ստանձնումը նշանակում է առաջին հերթին ժխտողականության քաղաքականությունից ձերբազատում»:
Թուրքագետի կարծիքով, Գերմանիայի կառավարության կողմից այն մեսիջները, որոնք տրվել էին թե´ ԱԳ նախարարության, թե´ կանցլերի մակարդակով, այժմ արդեն նախագահի ելույթով, հույս են հայտնում, որ Գերմանիայի Բունդեսթագը կճանաչի Ցեղասպանությունը:
«Պետք է նշել, որ Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման նշանակությունն առանձնահատուկ է: Քանզի ոչ միայն համաեվրոպական դաշտում Գերմանիայի ազդեցություն ու դերակատարությունը, այլ նաև այն հանգամանքը, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հենց Գերմանիան է եղել Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցը, արդեն փոխում են պատկերը: Գերմանիայի Բունդեսթագի կողմից հենց ցեղասպանության ճանաչումը կարող է շատ բան փոխել, զրկել Թուրքիային մի շարք «լծակներից»: Ի դեպ, շատ գիտնականներ, պատմաբաններ իրենց հրապարակումներում, ելույթներում Հայոց ցեղասպանության ժխտողականության հետ կապված իրենց մոտեցումներում հաճախակի էին անդրադառնում Գերմանիայի կողմից հենց Ցեղասպանությունը չճանաչելու փաստին: Կարծում եմ` Գերմանիայի նախագահի ելույթը և հետագայում հատկապես Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը կհարվածի թուրքական կողմի նման քայլերին, ժխտողականությանը»,- հավելեց Հովսեփյանը: