Լ. Հովսեփյան. Էրդողանի ուղերձը այլևս ասելիք չունենալու դրսևորում է
Էրդողանի այսօրվա ուղերձը 2014 թ. ապրիլի 23-ի ուղերձի սեղմված տարբերակն է` նոր բան չի ասվում: Այն կրկնում է նախորդին, սակայն շեշտադրումների շրջանակն էականորեն նվազեցված է: Այս մասին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ըստ նրա՝ ուշագրավ է, որ ուղերձն այս անգամ ուղղված էր Պոլսի Հայոց Պատրիարքարանում անցկացված միջոցառմանը և հատկապես Թուրքիայի հայ համայնքին, հայ քաղաքացիներին և ոչ համայն հայությանը, կարծես հասցեատերն է փոխվել և ցավակցությունն ուղղված է միայն հայ համայնքին: Թուրքիայի նախագահը վերջին շրջանում սկսել է ավելի շատ հանդես գալ ազգայնական դիրքերից:
«Նախօրեին էլ Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին բավական ագրեսիվ շեշտադրումներով ելույթ ունեցավ Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումների շրջանակում, որը ոչ այլ ինչ էր, քան թուրքական ազգայնականության բորբոքման դրսևորում: Թուրքիայի իշխանություններին, կարծես այլ բան չի մնում, քան նման հայտարարություններով ու հռետորաբանությամբ երկրի ներսում իրենց համար շահավետ դիվիդենտներ ապահովել, քանի որ արտաքին դաշտում իրենց հակաքայլերն ու քաղաքականությունը ձախողվել է,- նշեց թուրքագետն ու հավելեց,-Կարելի է ասել, որ պաշտոնական Անկարան իր հաշվարկներում ձախողվեց և հակաքայլերն անարդյունավետ էին, ինչն ընդունում և բարձրաձայնում է նաև թուրքական մամուլի ու վերլուծական հանրույթի մի հատվածը: Անկարան այլևս նոր ասելիք չունի, և դրա վկայությունը այսօր Էրդողանի անունից հրապարակված ուղերձն է»: