Ցեղասպանության հիշողությունները 100 տարիների ընթացքին չեն մթագնել մեր ժողովրդի հոգին. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ներկայացնում են ամբողջությամբ:
«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Բարեկամ պետությունների պատվարժան Նախագահներ և պետական այրեր,
Քույր Եկեղեցիների հոգևոր Պետեր և բարեջան եկեղեցականներ,
Միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների մեծարգո ներկայացուցիչներ,
Մեծապատիվ հյուրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ.
Նվիրական և պատմական օր է այսօր: 100-րդ տարելիցն է Հայոց Ցեղասպանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերստին համախմբվել ենք ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշատակը:
Հոգևոր մխիթարություն է հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդի և Մեզ համար, որ բյուրավոր մեր նահատակների հիշատակի արարողությանը Ձեր ազնիվ մասնակցությունն եք բերում պատվարժան Նախագահներ բարեկամ պետությունների, սիրեցյալ հոգևոր Պետեր և սպասավորներ քույր Եկեղեցիների, պետական, հասարակական և միջեկեղեցական կառույցների բարձրապատիվ ներկայացուցիչներ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր երկրների ժողովուրդներին ու իշխանություններին` մեր ժողովրդի հանդեպ դրսևորած հարգանքի համար:
Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց Ցեղասպանությունը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որը համարժեք գնահատական և դատապարտություն չստանալով` նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների: Գոհություն Աստծո, ներկայիս Հայոց Ցեղասպանությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. գտնում է ճանաչում և դատապարտություն: Մեր ներկայությունն այստեղ ընդգծում է մեր պատասխանատվությունը սերունդներին ավանդելու բռնություններից ու եղեռնագործություններից զերծ խաղաղ ու ապահով աշխարհ:
Աստծո օրհնությամբ երեկ կատարեցինք սրբադասումը Ցեղասպանության տարիներին վասն հավատո և վասն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած զավակների մեր Սուրբ Եկեղեցու: Այսօր Արարատահայաց այս բարձունքից, ուր լուսազգեստ հոգիներն են մեր նահատակների, և սրբությունն է մեզ վրա հովանի, բարեխոսական աղոթք ենք վերառաքում երկինք` աղերսով աշխարհին խաղաղություն, մարդկանց մեջ` սեր և համերաշխություն: Մեր սուրբ նահատակները այսօր պատգամ են բերում մեզ և կոչում լինելու առաքյալներ, առաքյալներ` արդարության, դատապարտելու եղեռնագործությունները մարդկության դեմ` ցեղասպանությունները, ահաբեկչությունները, մարդու և ազգերի իրավունքների ոտնահարումները: Մարդասիրության, արդարության ու խաղաղության հովանավոր մեր սուրբ նահատակները կոչում են մեզ լինելու առաքյալներ ճշմարտության` ընդդեմ կեղծիքի քարոզչության ու տարածման, մերժելու ժխտողականությունը, հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անտարբերությունը:
Ցեղասպանության դառն հիշողությունները 100 տարիների ընթացքին չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին: Մեր վշտին ատելություն չի խառնվել, սակայն եղել ենք անհաշտ խարդավանքների, մեր պատմության խեղաթյուրման հանդեպ, եղել ենք աննահանջ` ճշմարտության պայքարի մեր ճանապարհին: Մեր ժողովուրդն այսօր շարունակում է ապրել շրջափակման և պատերազմի վտանգի պայմաններում, դիմակայում դժվարությունների և իր իրավունքները պաշտպանում մարդու և ազգերի իրավունքների գերակայության հավատով:
Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև վերստին երախտագիտություն ենք հայտնում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետական, կրոնական ու հասարակական կառույցներին ու կազմակերպություններին, նաև` բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ովքեր Ցեղասպանության դժնդակ տարիներին օգնության ձեռք մեկնեցին և ապաստան տվեցին մեր ժողովրդի զավակներին:
Հայրապետիս աղոթքն է, որ մեր ժողովուրդը զորավոր պահի հավատքն ու հայրենյաց սերը, անկասելի` իր իրավունքները վերականգնելու կամքը: Հայցում ենք, որ մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ խաղաղությունը, արդարությունը, սերն ու ողորմությունը հավերժ թագավորեն երկրի վրա` հանուն մարդկության շեն, ապահով ու բարօր կյանքի»: