Պատմական ճշմարտության ժխտումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա. Սերբիայի նախագահ (տեսանյութ)
Սերբիայի ժողովուրդն իր հարգանքն ու աղոթքներն է փոխանցում Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակներին: Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում ասաց Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը` նշելով, որ Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցածը դաժան իրադարձություն էր, որին կարեկցելու և ճշմարտությունն ընդունելու անհրաժեշտություն կա:
«Ժամանակին Սերբիան ևս մարդկային մեծ կորուստներ է կրել, որոնց թիվն ընդհանուր առմամբ կազմում էր բնակչության մոտ 28 տոկոսը: Նրանց մեծ մասը սպանված զինովորներ էին, մյուսները՝ հասարակ քաղաքացիներ, որոնցից շատերի գերեզմաններն անգամ չեն գտնվել: Ես հարգում եմ ոչ միայն մեր սուրբ զոհերի նահատակությունը, այլև հայ ժողովրդի, որի նկատմամբ տեղի ունեցավ Ցեղասպանություն»,-հայտարարեց Տոմիսլավ Նիկոլիչը:
Նա իր ելույթում շեշտեց, որ այսօր իրավունք չունեն անցյալի ցնցող փաստերը մոռացության տալու. «Պատմական ճշմարտության ժխտումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա: Խոսելով ցավի մասին՝ կարելի է ազդել մարդկանց խղճի վրա: Իմանալով անհերքելի ճշմարտությունը, այսօր եկել ենք այստեղ, որպեսզի կանգնենք բոլոր նրանց կողքին, ովքեր ապրել են այդ ցավը, տուրք մատուցենք այն զոհերի հիշատակին, ովքեր նահատակվեցին այդ օրերին»:
Նրա խոսքերով, այս տարածաշրջանում ցեղասպանությունը, այդ եզրույթն անգամ չհարգելը, քաղաքական մանրախնդրություն է:
«Մեզ համար չգալու տարբերակ չկար: Մենք չէինք կարող չգալ այստեղ և չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպե՞ս կարող էր Սերբիան չմասնակցել այս միջոցառմանը: Մենք պետք է գիտակցենք, որ միայն մեր ջանքերի շնորհիվ կարող ենք ազդել համամարդկային այն արժեքների վրա, որոնք ազդում են մարդկության զարգացման վրա»: