Օբամայի ապրիլ 24-յան ուղերձը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձն է հղել հայ ժողովրդին` 1915 թվաանի դեպքերը նկարագրելով որպես Մեծ եղեռն: Ինչպես և նախորդ ուղերձներում, այս անգամ ևս ԱՄՆ նախագահը չի հնչեցրել Ցեղասպանություն եզրույթը:
ԱՄՆ նախագահի ուղերձը ներկայացնում ենք ստորև:
«Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին:
Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման գործում:
Այս դաժան կոտորածների ֆոնին ամերիկացի և հայ ժողովուրդը կապվեցին համայն մարդկության կապերով: Հասարակ ամերիկացիները միլիոնավոր դոլարներ հանգանակեցին` տուժած հայ երեխաներին օժանդակություն ցուցաբերելու համար: ԱՄՆ կոնգրեսը հիմնեց Մերձավոր Արևելքի Օգնություն կազմակերպությունը, որը միջազգային մարդասիրական օգնության ոլորտում առաջամարտիկ կազմակերպությունէ: Հազարավոր հայ փասխստականեր նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ուժեղ և ակտիվ համայնք ձևավորեցին` դառնալով ամերիկյան հասարակության հիմնասյուններից մեկը: Հասնելով հասարակության մեջ բարձր դիրքի` գործարարներ, բժիշկներ, դերասաններ և մարմնամարզիկներ` նրանք իրենց անգնահատելի ներդրումն ունեցան իրեն նոր օջախում:
Այս հարյուրամյակը հանդիսավոր պահ է: Այն մեզ կոչ է անում անդրադառնալ պատմական հիշողության կարևորությանը, ինչպես նաև պատմության հետ հաշվի նստելու դժվարին գործին: Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը:
Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ: Այս հանդիսավոր պահին մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին` հիշելու այն, ինչն արդեն կորսված է: Խոստանում ենք` ով տառապել է, չի մոռացվելու: Եվ մենք պարտավորեցնում ենք ինքներս մեզ դասեր քաղել այդ ցավալի ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն այն»,- ասել է Բարաք Օբաման: