«Риа Новости». «Անտանտը» դատապարտել է Թուրքիային` մարդկության դեմ կատարած հանցագործության համար
Ժոզեֆ Մենգելեից և նացիստական մյուս դաժան բժիշկներից շատ առաջ Օսմանյան բժիշկները անմարդկային փորձեր էին իրականացնում հայ «հիվանդների» վրա: Այս մասին գրում է ռուսական «Риа Новости» լրատվական գործակալությունը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ծավալուն հոդվածում, որտեղ հայկական կոտորածները երիտթուրքական կառավարության կողմից անվանել է «Հայկական Հոլոքոստ»:
Մասնավորապես, ինչպես նշվում է հոդվածում, Տրապիզոն քաղաքի սանիտարական բժիշկ Ալի Սեյբը անխղճորեն մորֆիի մահացու չափաբաժին էր ներարկում երեխաներին և կանանց, այդ թվում` հղիներին: Կիրառում էին նաև գազի շարժական խցիկներ, որոնց մեջ սպանում էին երեխաներին տաքացած գազով:
Ըստ հոդվածի` Կոստանդնուպոլսում հայերի ձերբակալությունները կատարվում էին առանց ավելորդ աղմուկի: Մարդկանց սիրալիր հրավիրում էին բաժանմունք, որտեղ էլ ձերբակալում էին: Բազմաթիվ հայեր, որոնք իրենց համարում էին օրինապաշտ քաղաքացիներ, անգամ ամենասարսափելի երազում չէին կարող կանխատեսել, թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում:
Այդպիսի հայերի շարքում նշվում են երիտթուրքական կուսակցությն անդամ Տիգրան Ալահվերդին և թուրքալեզու «Սաբահ» թերթի խմբագիր Տիգրան Քելեջյանը, ովքեր նույնպես ձերբակալվեցին ու սպանվեցին:
Ձերբակալությունների նման «զգուշավոր» քաղաքականությունը, պարբերականի համոզմամբ, բացատրվում է նրանով, որ Կոստանդնուպոլսում կային միջազգային դիտորդներ, մինչդեռ երկրի խորքերում սովորական մարդկանց հետ հաշվեյարդար տեսնելու հարցում թուրքական իշխանությունները չէին կաշխանդվում: Մայիսին ընդունվեց տեղահանության մասին օրենքը, որին հետևեց հայերի զանգվածային բռնագաղթը` նրանց նոր տարածքներում վերաբնակեցնելու պատճառաբանությամբ:
«Տղամարդկանց առանձնացնում էին կանանցից, որից հետո նրանց տանում էին անապատային տարածքներ ու սպանում: Կանանց, երեխաների ու ծերերի հետ վարվում էին այլ կերպ. խմբերով քշում էին դեպի անապատներ ու դժվարամաըչելի վայրեր: Ովքեր հետ էին ընկնում` տեղում սպանվում էին: Ժանդարմները շարունակում էին քշել դժբախտ մարդկանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից վերջինը սովից ու ծարավից չեր մահանում: Երկրի ամբողջ տարածքում գործում էին նաև բազմաթիվ համակենտրոնացման ճամբարներ, որտեղ ևս հայերին սպասվում էր անխուսափելի կործանում»,-գրում է թերթը` նշելով, որ այս վայրագ հաշվեհարդարը անգամ անտարբեր չէր թողնում թուրքիայի դաշնակիցներին: Մասնավորապես հոդվածում մեջբերված է բողոքական եկեղեցու գերմանացի հովիվ Ֆիշերի պատմությունը այն մասին, որ «թուրքերը Վանի որբանոցից մի խումբ աղջիկների կախում էին ծառերից, որից հետո մերկացնում էին սրերը…Նորածին երեխային կացնով բաժանեցին կտորների և դրանցով խեղդամահ արեցին երեխայի մորը` մտցնելով սեփական երեխայի մարմնի կտորները մոր բերանը: Որբանոցի մնացած աղջիկներին պատվազրկեցին և սպանեցին»:
Թերթը գրում է նաև, որ Ցեղասպանության տարիներին եղել են բազմաթիվ թուրք պաշտոնյաներ և հասարակ մարդիկ, ովքեր մահվան սպառնալիքով համարձակվել են պաշտպանել հայերին: Այդպիսի գործիչ է եղել Հալեպ քաղաքի քաղաքապետ Մեհմեդ Ջելալ-բեյը, ով արգելել է քաղաքի հայերի նկատմամբ որևէ բռնություն կիրառել, ինչի պատճառով էլ զրկվել է իր պաշտոնից: Նրա օգնական Նաիմ Բեյը համարել է, որ «հայերի բռնագաղթն ու Ցեղասպանությունը չի կարող համեմատվել նախկինում պատմության մեջ հայտնի որևէ ոճրի հետ, և «թուրք» անունը մարդկության համար հավերժ անիծված կլինի»:
Պարբերականը նշում է, որ 1915թ-ի մայիսի 24-ին Անտանտի երեք երկրները համատեղ հռչակագիր են հրապարակել, որում դատապարտել են Թուրքիային «մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված հանցագործության համար»: