Թուրքիան դատապարտել է Պուտինի՝ Ցեղասպանություն գնահատականը
Թուրքիայի ԱԳ նախարարը դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: Գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանելու արտահայտությունը»:
«Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն», - աղբյուրի համաձայն՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք գիտենք, որ 1995թ. ի վեր Դուման սովորություն ունի 10 տարին մեկ անգամ քաղաքական հայտարարություն անել, որն աջակցում է Հայաստանի միակողմանի շահերին: Դուման չխախտեց այդ ավանդույթը և 2015թ. ապրիլի 24-ին կրկին արեց համապատասխան հայտարարություն: Մենք այն ևս դատապարտում ենք»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նաև նշել են, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում կազմակերպված միջոցառումներին, «պետք է գնահատել որպես Հայաստանի քարոզարշավի մի մաս»: -ասվում է ԱԳՆ հայտարարությունում: