Աշոտ Մելքոնյան. Պահանջատիրությունը վերջապես դարձավ հանրային սեփականություն
«Հայոց Ցեղասպանության հարցում պահանջատիրության խնդիրը, որը մեր գործունեության առանցքը պետք է կազմեր ու չէր կազմել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, վերջապես դարձավ հանրային սեփականություն»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ վերլուծելով վերջին մի քանի օրերի իրադարձությունները:
«Ճանաչման գործընթաց ասված անպտուղ ու անհեռանկարային մոտեցումից վերջապես սկսեցինք տեղափոխվել դեպի պահանջատիրական, իրավաքաղաքական դաշտ: Դրա հիմնական գրավականը մեր միասնականությունն է, որն աննախադեպ էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Ես կարող եմ ասել, այո´, արմատապես փոփոխություն է տեղի ունեցել՝ և որպես պետություն, և որպես ժողովուրդ, և որպես հասարակություն»,-ասաց ինստիտուտի տնօրենը:
Ինչ վերաբերում է այն մտավախություններին, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո խնդրի մասին կսկսեն քիչ խոսել, Մելքոնյանը նշեց. «Երկրորդ հարյուրամյակում մեր պայքարի հիմնական թիրախը պետք է դառնա հատուցման խնդիրը, մենք այս գաղափարին արդեն եկել ենք ազգովին, թուրքական մերժողականության պայմաններում անընդհատ խոսվում էր միայն ճանաչման մասին, կարծում եմ, դա թուրքերի կողմից մեզ ներքաշած ծուղակ էր, որից կարծես դուրս ենք եկել ու խոսում ենք խնդիրն իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու մասին»:
Հարցին, թե ինչ է լինելու վաղը ԳԱԱ ինստիտուտի ղեկավարը պատասխանում է Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի խոսքերը մեջբերելով. «Այս տիկինն ասում է. «Մենք լրջորեն չենք վերաբերվում այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում այսպես կոչված Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Եվրոպական երկրների ու Թուրքիայի միջև պատերազմները երեքհարյուրամյա պատմություն ունեն, և Եվրոպան ժամանակ առ ժամանակ ուզում է վրեժ լուծել Թուրքիայից և հիմա օգտագործում է Հայոց Ցեղասպանության հանգամանքը: Մենք պետք է մտածենք, թե ինչ ենք անելու, երբ համաշխարհային գործընթացների վրա ազդեցության լծակներ ունեցող պետությունների մեծամասնությունն ու միջազգային կազմակերպությունները նույնպես ընդունեն նման որոշումներ, և դրա կբերի իրավական բնույթի քայլերի ձեռնարկմանը»:
Մելքոնյանը նկատում է՝ ոչ բարեկամ հարևան երկրում էլ հասկացել են, որ հորիզոնում երևում է հատուցման խնդիրը և նման կերպ շարունակվելու դեպքում աշխարհի մեծերի կողմից ճանաչման գործընթացի շարունակությունը կբերի իրավական գործընթացների:
«Նշանակում է՝ խնդիրը շատ լուրջ է, դա գիտակցում են ինչպես թուրքերը, այնպես էլ մեր արևելյան հարևան ադրբեջանցիները: Ես չեմ կասկածում, որ հատուցում լինելու է, սա օբյեկտիվ գործընթաց է, որը չի կարող առաջ չընթանալ, որովհետև սրա թիկունքում արդարությունն է կանգնած, և ի վերջո աշխարահը նախկին ստանդարտներով շարժվելու հնարավորություն այլևս չունի»,-ասաց պատմաբանը:
100-րդ տարելիցի միջոցառումները գնահատելիս Մելքոնյանն ընդգծեց. «Որքան էլ մեր հնարավորություններն ու ուժերը թուրքականի հետ բաղդատելիս հավասար չէին, բայց քանի որ ճշմարտությունը մեր կողմն էր, այս պայքարը, իմ համոզմամբ, ավարտվեց մեր հաղթանակով»: