Ադրբեջանում արգելափակել են ТНТ և НТВ հեռուստաալիքները
ТНТ և НТВ ռուսական հեռուստաալիքները մինչև ապրիլի 25-ն առավոտյան անհասանելի էին Ադրբեջանի հասարակության համար՝ այդ հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր հեռարձակվելու պատճառով: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Baku.ws պորտալը:
Ինչպես պնդում է պորտալը, ադրբեջանական կաբելային հեռուստաընկերությունը բոյկոտել էր տվյալ հեռուստաալիքները:
Հիշեցնենք, որ երեկ НТВ հեռուստաալիքով ցուցադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, հայ ժողովրդի ողբերգությունը լուսաբանող «Ցեղասպանություն. Սկիզբ» վավերագրական ֆիլմը: ТНТ հեռուստաալիքի աստղերն իրենց հերթին ևս պատրաստել են հատուկ հոլովակ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Նշենք նաև, որ վերջերս Բաքվում չեղյալ էր հայտարարվել Comedy Woman նախագծի համերգը զուտ այն պատճառով, որ վերջինիս հիմնադիրները և խմբի մի քանի մասնակիցներ հայեր են:
Հավելենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան էին ժամանել արտասահմանյան ավելի քան 60 բարձրաստիճան պատվիրակություններ:
Հայտնի է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել և դատապարտել են շատ պետություններ: Առաջինը եղել է Ուրուգվայը` 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.), Բոլիվիա (2014), Ավստրիա (2015), Չեխիա (2015): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: ԱՄՆ 50 նահանգներից գերակշիռ մասն ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Եվրոպական մի քանի երկրների խորհրդարանների կողմից ընդունվել են քրեական պատասխանատվության ենթարկող օրենքներ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Սակայն, Թուրքիան, ինչպես նախկինում, շարունակում է ժխտել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը (Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում բնակվում էին երկու միլիոն հայեր, որոնցից շուրջ 1,5 միլիոն հայեր 1915-1923 թվականներին բնաջնջվեցին, իսկ մնացած կես միլիոն հայերը սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ):
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանը փորձում է հաճոյանալ Թուրքիային՝ Հայաստանի դեմ «Եվրատեսիլ 2015»-ում սադրանքներ հրահրելով
Ադրբեջանում կոչ են անում չեղյալ հայտարարել Comedy Woman նախագծի համերգը՝ անձնակազմում հայերի առկայության պատճառով
Հյուսիսային Կիպրոսում ադրբեջանցի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել ներկայացման մեջ հայ դերասանի խաղալու դեմ
Ադրբեջանցի երգչուհուն խիստ քննադատության են ենթարկել հայի հետ «սելֆի» անելու համար
Ադրբեջանում Raffaello կոնֆետների վրա հայերեն գրությունների պատճառով հակալեհական արշավ է սկսվել
Եթե ես մեկ անգամ էլ մասնակցեմ պատերազմին, չեմ խնայելու անգամ հայերի երեխաներին. ադրբեջանական թերթի խմբագիր
Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»