Ադրբեջանի իշխանությունը՝ հաշմանդամ երեխաներին փողոց վռնդող տանտեր. «Ազադլիգ»
Երկար տարիներ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ չցուցաբերված ջերմությունը, հարգանքն ու հոգատարությունը բաժին է հասել արտասահմանցիներին, քանի որ իշխանություններն արտասահմանցի հյուրերի աչքերում ցանկանում են երևալ ազնվաբարո, ժողովրդավար ու ժամանակակից: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Ինչպես նշում են հոդվածում, արդեն մեկնարկել է Եվրոպական խաղերի հետ կապված արգելքների շարանը: Եվրոպացի հյուրերը Բաքվում հին ավտոմեքենաներ, մուրացկաններ, փողոցում կանգնած առևտրականներ, կիսաքանդ հյուղակներ չպետք է տեսնեն:
«Գիտեք, սա նման է նրան, որ տուն հյուր գալու ժամանակ տանտերն իր հիվանդ, հաշմանդամ երեխաներին վռնդի տնից, որպեսզի հյուրերը չտեսնեն: Այժմ էլ պետությունն է աշխատում եվրոպացի հյուրերից թաքցնել երկրի իրականությունը: Առաջին հերթին, դա քաղաքացուն ստորացնել է նշանակում: Մյուս կողմից, խոստովանությունն է այն բանի, որ իշխանությունն ամոթալի երկիր է ստեղծել»,- նշված է նյութում:
Թերթի կարծիքով՝ իշխանությունը նավթաեկամուտների 95 տոկոսը սեփականաշնորհում է, 5 տոկոսով էլ արհեստական իմիջ ստեղծելու քաղաքականություն է վարում, սակայն տաքսու վարորդների առջև արգելքներ դնելով, փողոցային առևտրականներին ճնշելով, մուրացկաններին հավաքելով՝ իրականությունը թաքցնել հնարավոր չի լինելու, քանի որ եվրոպացիները քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրավիճակից:
«Եթե իշխանությունն արգելքներ սահմաներ թալանչիության, կոռուպցիայի, մենաշնորհի դեմ, ապա այսօր Ադրբեջանն այլ երկիր կլիներ: Իրականում Եվրոպական խաղերն ամենաթափանցիկ հայելին է, և այդ հայելու մեջ հստակ երևում է իշխանության իրական դեմքը», -գրում է «Ազադլիգը»:
Նյութեր թեմայի շուրջ`
Եվրոպական խաղերին ընդառաջ` շների զանգվածային սպանդ Բաքվում
Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնականները սպառնում են հայկական հավաքականին
The Guardian. «Amnesty-ն կոչ է անում բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը»