Լուրջ լինելու համար մենք երբեմն տխուր ենք լինում. Տիգրան Մանսուրյան
Ինչպե՞ս է ստացվում, որ դասական եվրոպական երաժշտական արվեստը մուտք է գործում Հայաստան ու դառնում է մեզ համար հարազատ, օրգանական երևույթ` հայկական մեղեդիների հետ: Այս հարցը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Հայկական երաժշտության ինքնությունը» թեմայով երաժշտական քննարկման ժամանակ տվեցին հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:
Նրա պնդմամբ, այդ հարցի պատասխանը դեռևս մեկ դար առաջ տվել է Կոմիտասը:
«Ինքը ասում է, որ մեր ճարտարապետությունն էլ է ահավասիկ կառուցողական մտքի արդյունք: Մեր մշակութային պատմությունն է, որ յուրացրել է թե´ Պլատոն, թե´ Արիստոտել, մենք ունեցել ենք Դավիթ Անհաղթ, Շիրակացի, և սրանք բերել են արևմտյան մտածողության նախահիմքերը: Սրանք ծորուն, հիմքից զուրկ, ողնաշարազուրկ արևելյան մեղեդիները չեն պարզապես: Սրանք իրենց մեջ ունեն կառուցիկ ձևեր, տաղաչափական ամուր հենք և երբ իրեն նայում ես դասական երաժշտության տեսակետից, փորձում ես միջից հանել կոմպոզիտորությունը, այն դառնում է և´ հայ էթնիկական մտածողության երաժշտություն, և´ միաժամանակ կոմպոզիտորական արվեստ: Մեր մեղեդին ունի իր մեջ ուժ դառնալու մինչև իսկ այնպիսի կառուցողական մտքի արդյունք, ինչպես Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան է կամ ինչպես Բաբաջանյանի ջութակի սոնատն է: Դրանք իսկապես ամբողջությամբ հայ մելոսի, հայ մեղեդու վրա կառուցված երաժշտություն են, որոնք նույնքան ամուր են, ինչքան Հռիփսիմե վանքը», -հավելեց երաժիշտը:
Ինչ վերաբերում է հայկական մեղեդու տխուր կամ ուրախ լինելուն, որի մասին քննարկման մյուս մասնակիցները՝ Սերժ Թանկյանն ու Լիլիթ Պիպոյանն էին խոսում, Մանսուրյանը հիշեց մի պատմություն. «Մարսելում մի հեռուստահաղորդման հյուր էինք ես և Ազնավուրը: Նա ասաց, որ երբ մենք հայերով հանդիպում ենք իրար, ծիծաղում ենք, իսկ երբ օտարների մեջ ենք, լուրջ ենք, լուրջ բաներից ենք խոսում: Այսպես ներկայանալու իմաստը, իհարկե, շատ լավ է: Բայց, ես կարծում եմ, որ լուրջ լինելու համար մենք երբեմն տխուր ենք լինում»:
Հարակից հրապարակումներ՝
Կոմիտասին հետևելը ճիշտ է. Տիգրան Մանսուրյանի եզրակացությունը
Լիլիթ Պիպոյան. Հայկական երաժշտությունը կարող է դառնալ համամարդկային արժեք
Տիգրան Համասյան. Հայաստանում չկա ցենզուրա
Հայկական երաժշտության մելամաղձոտությունը տարբեր համ ունի. Սերժ Թանգյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան