Կոմիտասին հետևելը ճիշտ է. Տիգրան Մանսուրյանի եզրակացությունը
Այսօր հայ հայտնի կոմպոզիտոր Տրգրան Մանսուրյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Հայկական երաժշտության ինքնությունը» թեմայով երաժշտական քննարկման ընթացքում ներկայացրել է իր մոտեցումները հայ երաժշտության մասին:
Հարցին, թե հայ երաժշտությունն է ի՞նչ է իր համար, պատմությո՞ւն, անցյա՞լ, ներկա՞ թե ապագա՞ Մանսուրյանը պատասխանել է այսպես. «Երաժշտությունը շատ հիմնավոր երևույթ է: Մեր զգացումները մենք արտահայտել ենք հայերենով: Մեր երաժշտությունը այնպես է ստեղծված, որ ճշգրտորեն համապատասխանում է մեր հայերենին, քանի որ ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլ նաև աշխարհընկալման համակարգ: Օրինակ՝ Գիքորը հարցնում է՝ ինչպե՞ս է մեր Ծաղիկ կովը: Սա անսահման ճշգրտությամբ գրի առնված երկու բառ է, որ եթե թարգմանես, ինչ դուրս կգա, չգիտեմ, բայց ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է: Անթարգմանելի, թե թարգմանելի, չգիտեմ, բայց մեզ համար մեծապես հարազատ է: Կան ակադեմիական հիմնավոր արժեքներ, որոնց նկատմամբ ես շատ ծայրահեղ զգայուն եմ, և ես կուզենամ բոլորս զգայուն լինենք: Եվ եթե փորձում ենք գտնել մի բան, որը կարող ենք համարել չափանիշ այս երևույթների հետ կապված Կոմիտասն է: Մենք թևակոխում ենք կոմպոզիտորական մտածողության շրջան 100 տարուց ավել: 100 տարուց ավել մտել ենք մի սահման, որը ճանաչում է կոմպոզիտորությունը: Ինչպե՞ս լինել և´ կոմպոզիտոր, և´ հայ, ինչպե՞ս անել, որ չկորցնես քո դեմքը սովորես, սովորես Բեթհովենից, Շոպենից, Բրամսից, բայց լինես հայ կոմպոզիտոր, ահա սրա չափանիշը ևս տվել է Կոմիտասը: Ուրեմն Կոմիտասին հետևելը ճիշտ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան